Մատչելիության հղումներ

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է


Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որ հրապարակել է վարչապետի աշխատակազմի լրատվականը, մասնավորապես ասված է.

«Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Կանանց միջազգային օրվա առիթով։ Այս տոնը մեզանում միշտ կարևոր է եղել, բայց հիմա կարևորում ենք առանձնակի:

Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, ում որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Նրանցից շատերը նոր կյանք ու հույս են տալիս բոլորիս, սուգը հաղթահարելով՝ մայրության բերկրանքը կրկին ապրելու և իրենց նահատակված զավակներին այսպիսով հարություն տալու միջոցով:

Մենք գլուխ ենք խոնարհում պատերազմում այրիացած մեր այն կանանց առաջ, ովքեր իրենց ուսերին են պահում գլխատված ընտանիքների հոգսի ծանրությունը և իրենց զավակներին կոչում են ապրելու, կրթվելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները ու հաղթելու ճակատագրի մարտերում:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր ամուր թիկունք ու ապավեն են զինված ուժերում ծառայող իրենց ամուսիններին, ովքեր երկրի, պետության անվտանգության պատասխանատվությունն են կրում:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր իրենք են ծառայում Զինված ուժերում՝ նաև ընդգծելով մեր երկրի կյանքում կանանց դերակատարման ընդլայնումը, որ տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ: Եվ սա ո՛չ գաղափարախոսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ նույնիսկ աշխարհայացքի հարց է:

Արդեն բավական երկար ժամանակ կանայք մեր երկրի բնակչության մեծամասնությունն են և հասկանալիորեն պետք է իրենց վրա վերցնեն ավելի մեծ պատասխանատվություն: Եվ տրամաբանական է, որ այսօր մեր երկրում ավելի ու ավելի հաճախ կանայք ստանձնում են դերակատարումներ, պատասխանատվություններ ու պաշտոններ, որոնք աննախադեպ են մեր երկրի պատմության համար, և մեր հանրությունը պիտի քաջալերի այս գործընթացը»:

Վարչապետն ընդգծում է, որ «պետությունը հատուկ հոգածության առարկա պիտի դարձնի մայրությունը, ինչը և անում ենք հետևողականորեն»:


Վահագն Խաչատուրյանի ուղերձում, որ հրապարակել է նախագահի գրասենյակը, մասնավորապես ասված է.

«Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:

Այս տոնը մեր հանրությունը նշում է յուրօրինակ ջերմությամբ և գնահատանքով, ինչը վկայում է ձեր անգնահատելի դերի ու ներդրման մասին և ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների անսահման սիրո դրսևորումն է:

{....}

Կանանց միջազգային օրը բոլորիս համար առիթ է, որպեսզի մենք հաստատենք մեր պատրաստակամությունը՝ կերտել հավասար իրավունքների և հնարավորությունների հասարակություն:

Այս ճանապարհին մեր երկրում դեռ շատ անելիքներ կան և մեր խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կդրսևորվեն ձեր բոլոր կարողություններն ու գիտելիքները:

Ի սրտե ցանկանում ու մաղթում եմ ձեզ առավել ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի հասարակական քաղաքական ու մշակութային կյանքի անցուդարձերում, որովհետև ձեր ներկայությամբ արդեն ցանկացած միջավայր դուք դարձնում եք առավել հանդուրժող, կառուցողական ու ստեղծարար»:

Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում, որ տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, մասնավորապես ասված է.

«Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ գովարժան ավանդը պետական ու հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում:

Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր մեր պատմության վճռորոշ հանգրվաններում, ինչպես նաև արցախյան պատերազմի օրերին և ներկայիս, իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ։

Այսօր ամենքիս պարտքն է անխոնջ աշխատանքով ապահովել մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագան, միասնական ոգով աջակից լինել Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր ժողովրդին, առանձնակի հոգածություն և ուշադրություն ցուցաբերել մեր վիրավորված զավակներին և նահատակ քաջորդիների ընտանիքներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG