Մատչելիության հղումներ

Ավտոբուսի վթարից տուժածներից ութն են շարունակում բուժումը, երեքի վիճակը գնահատվում է ծանր


Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսի վթարից տուժած 13 ուղևորներն ու վարորդը տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ 5 քաղաքացի արդեն դուրս է գրվել, բուժումը շարունակում է 8 անձ, որից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, նրանք վերակենդանացման բաժանմունքում են, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։ Տուժած քաղաքացիներից երեքը «Արմենիա» բժշկական կենտրոնում են։

«Երեքի մոտ կասկածվեցին ավելի խոշոր չափի վնասվածքներ, տրավմաներ, բայց նույնիսկ այդ երեքին, որոնց առաջարկվել է, և իրենք գտնվում են հիվանդանոցում ուղղակի հսկողության տակ, նույնպես ծանր վիճակ նկարագրել չի կարելի, որովհետև վիրահատական միջամտություն չենք անելու, որևէ լուրջ բժշկական միջամտություն չենք անելու, ուղղակի մեր վստահ լինելու համար, հետագա որոշ բարդություններից խուսափելու համար, որոնք երբեմն լինում են նման տրավմաների ժամանակ, դինամիկ հսկողության տակ պահում ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԲԿ-ի վիրաբուժական գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Առավոտյան տեղի ունեցած վթարի առիթով Քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։ Գերատեսչությունից հայտնում են՝ նախնական տվյալներով՝ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում բախվել են ուղևորափոխադրող ավտոբուսն ու BMW մակնիշի ավտոմեքենան, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումն ու բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Shamshyan.com-ի հետ զրույցում BMW-ի վարորդը ավտոբուսի վարորդին է մեղադրել՝ թարթիչ չմիացնելու ու վթարային իրավիճակ ստեղծելու համար։

Կառավարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ավտոբուսում շուրջ երկու տասնյակ աշխատող է եղել վարչապետի աշխատակազմի տարբեր բաժիներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG