Մատչելիության հղումներ

«Նվազող եկամուտներ ու բերք, անասունների մորթ». գյուղատնտեսության անկումը շարունակվում է


«Եթե գյուղատնտեսությունը պռավալ գնաց, բոլորս պռավալի մեջ ենք»

60 հեկտար հողատարածք ու մեծ անասնագոմ ունեցող Սամվել Մաթևոսյանին գյուղատնտեսության անկումային ցուցանիշներն առանձնապես չեն զարմացրել։

«Եթե գյուղատնտեսությունը պռավալ գնաց, բոլորս պռավալի մեջ ենք», - ասում է նա:

2000-ականներից գործը սկսած խոշոր ֆերմերն իր և համագյուղացիների օրինակն է բերում ամբողջ երկրի իրավիճակը բացատրելու համար՝ նվազող եկամուտներ ու բերք, հուսահատության պատճառով անասունների մորթ և այլն. «Հիմնովին վերացրի ես, 17 թվին էս ու կողքի գոմը լիքն էին, բայց ընթացքում վերացրեցի, որովհետև ինքնըստինքյան եկամտաբեր չէր: Մարդիկ ձգտում են, որ ինչ-որ մի բան անեն, բայց իրենց այդ ձգտածի, իրենց արածի մեջ եկամուտը շատ ցածր է, հնարավորություն չի ստանում»:

Երեք երեխաների հայր Սամվել Մաթևոսյանն իր հայրենի Բերքաշատում շուրջ 20 տարի առաջ է անասնագոմ հիմնել, տասնյակ կովերից հիմա միայն չորսն են մնացել, մնացածը հորթեր են։ Նաև խոշոր հողատարածքներ ունի, տարբեր տեսակի մշակաբույսեր է աճեցնում։ Հիասթափված է՝ այսքան անասուն պահելը ձեռք չէր տալիս, անցած տարի էլ հրաժարվեց խաղողի այգիներից, նոր բան փորձելու ցանկություն էլ առանձնապես չունի:

«Հիմնովին խաղողից դուրս եկա, ունեի 8 հեկտար», - ասաց նա:

Վիճակագրություն. անկումը շարունակվում է

Ֆերմերի խոսքերը հաստատում է օրերս հրապարկված պաշտոնական տարեկան վիճակագրությունը։

Մինչ պետական այրերը շարունակ հպարտանում են տնտեսական աննախադեպ հաջողություններով ու խոսում թարմացվող ռեկորդների մասին, տնտեսության ամենագլխավոր ճյուղերից մեկի անկումը շարունակվում է։ Տնտեսագետներն ահազանգում են՝ սա էլ է անվտանգության լուրջ սպառնալիք։

Այսպես՝ անցած տարի 21 թվականի համեմատ Հայաստանում 13 հազար տոննայով քիչ կարտոֆիլ է հավաքվել, բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի բերքը նվազել է շուրջ 17 հազար տոննայով, խաղողինը՝ 11 հազար տոննայով։ Հիմնական մշակաբույսերի ցանկում ավելացել է միայն ցորենի ու պտուղների բերքը։

Նախորդ հինգ տարիների համեմատ զգալիորեն պակասել է կենդանական ծագման արտադրանքը։ Անասունների գլխաքանակը նույնպես նվազել է։ 2022-ի սկզբին Հայաստանում հաշվարկվել է շուրջ 560 հազար կենդանի՝ 54 հազարով պակաս 21-ի համեմատ։

Արտադրված կաթը 2022-ին նվազել է շուրջ 50 հազար տոննայով, ընդ որում, վերջին հինգ տարիների ամենափոքր ցուցանիշն է գրանցվել՝ 623 հազար տոննա։

Տեղում արտադրվող պարենի ծավալի նվազմանը զուգահեռ անցած տարի ավելացել է կաթի, բանջարեղենի ներկրումը։ Կարագի, պանրի, խոզի ու տավարի մսի ներմուծման ծավալները նույնպես աճել են։

«Հայաստանը 2022 թվականին էլ ավելի է նվազեցրել իր պարենային ինքնաբավության մակարդակը». տնտեսագետ

«Կարող ենք ասել, որ Հայաստանը 2022 թվականին էլ ավելի է նվազեցրել իր պարենային ինքնաբավության մակարդակը, գրեթե բոլոր ուղղություններով՝ մսամթերք, բանջարեղեն, տարբեր մշակաբույսեր և այլն», - նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

2022-ի անկումային ցուցանիշներն ինչպես սուբյեկտիվ այնպես էլ օբյեկտիվ գործոնների հետևանք են, բացատրում է նա: Մասնավորապես, Հայաստանի սահմաններին ռազմական գործողությունների պատճառով այդ շրջանների բնակիները պարզապես չէին կարողանում աշխատել, քիչ չէին իրենց գործից ընդհանրապես հրաժարվողները, ասաց Պարսյանը. «Հատկապես սահմանամերձ բնակավայրերում գյուղատնտեսությունն ուղղակի պարալիզացված վիճակում էր՝ անվտանգային գործոնով պայմանավորված, այդ տարածքի բնակիչները ոչ միայն գյուղատնտեսությամբ չէին զբաղվում կամ սահմանափակել էին իրենց գործունեությունը, այլ նաև դուրս էին գալիս այդ շրջաններից, ինչը միանշանակ իր ազդեցությունն է թողնում գյուղատնտեսական արտադրանքի ծավալների վրա»:

Ի՞նչ պետք է անի գործադիրն իրավիճակը փոխելու համար։ Տնտեսագետի խոսքով՝ պատասխանատուները պետք է փոխեն իրենց մոտեցումը ոլորտին աջակցելու հարցում։ Պարսյանը, հիշեցնելով վերջին տարիների մի շարք ծրագրեր՝ ինտենսիվ այգիներ, վարկային սուբսիդիաներ և այլն, ընդգծում է՝ դրանք ժամանակավրեպ են և ցանակալի արդյունք չեն տալիս։ Բացի այդ, լավ չեն աշխատում նաև վերահսկողության մեխանիզմները:

«Մենք պետք է հասկանանք, որ գյուղատնտեսությունը ոչ միայն սոցիալական և անվտանգային խնդիր ունի մեր ինքնաբավության և անկախության մասով, ինչպես օրինակ՝ քովիդի ժամանակաշրջանը ցույց տվեց, որ կարող է լինել մի պահ, որ երկրները փակեն իրենց գյուղմթերքի արտահանումը», - նկատեց տնտեսագետը:

Անկումային ցուցանիշների վերաբերյալ կառավարության արձագանքը ստանալու համար «Ազատությունը» դիմել է ոլորտը համակարգող էկոնոմիկայի նախարարությանը, պատասխան դեռ չկա։ Վերջերս կառավարությունը դադարեցրեց ոլորտին աջակցելու ամենամեծ ծրագրերից մեկը՝ գյուղվարկերի սուբսիդավորումը։ Նախարար Քերոբյանն էլ կրկնեց իր մշտական խորհուրդը՝ մարդիկ պետք է գյուղատնտեսությանը ոչ թե սոցիալական խնդիր լուծելու տեսանկյունից նայեն, այլ բիզնեսի. փող ունեն, թող մշակեն, չունեն՝ չէ, ու եթե չի ստացվում, պետք է այլ գործով զբաղվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG