Մատչելիության հղումներ

Գյուղվարկերի սուբսիդավորման դադարեցումը լուրջ խնդիրներ կստեղծի, համոզված են Շիրակ գյուղում


Գյուղատնտեսական աշխատանքներ Շիրակի մարզում, արխիվ
Գյուղատնտեսական աշխատանքներ Շիրակի մարզում, արխիվ

Շիրակ գյուղի գյուղատնտեսները դժգոհում են՝ կառավարությունը դադարեցրել է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրն ու իրենց փաստի առաջ կանգնեցրել։ Գարնանացանին ընդառաջ սա լուրջ խնդիրներ կստեղծի, համոզված են շիրակցիները՝ բարձր տոկոսով վարկ վերցնելը ձեռնտու չէ։

«Մե տարիմ տվեցին շատ լավ էր՝ վերցրինք, ցանեցինք, տվեցինք էդ 5 տոկոսն էր, թե 0 տոկոսով էլ եմ ես վերցրել, գոհ եմ, բայց հմի որ դարձրին 18-20 տոկոս, արդեն դժվար է», - «Ազատության» հետ զրույցում նշեց գյուղացիներից մեկը:

«Իհարկե ձեռ չի տա: Գյուղատնտեսությամբ զբաղվելու համար բարձր տոկոսով վարկ վերցնել՝ իմաստ ընդհանրապես չկա», - ասաց մյուսը:

Մի քանի տարի էր՝ 0-ից 5 տոկոսով էին գյուղացիները վերցնում գյուղվարկերը։ Այդ հնարավորությունից զրկված հողագործներն այժմ ասում են՝ շվարել են, հատկապես երբ տեսնում են, թե որքան են թանկացել վառելիքն ու պարարտանյութը.

«Գարնանացան պտի ցանենք, պարարտացվի պտի՝ մեր հույսը էդ է, որ առնինք, պարարտացնինք, որ բերք ստանանք: Ցորենն օր ցանել ենք, էդի որ չպարարտացրեցինք, ի՞նչ անենք: Սաղ արդեն թանգցել է՝ [պարարտանյութը] արդեն15 հազար, 14,5 հազար, հլը անցած տարի 12 հազարով առանք»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաստատեց՝ գյուղվարկերի սուբսիդավորման ծրագիրը չեն շարունակի, նպատակահարմար չեն համարում, բայց այդպես էլ չհստակեցնելով՝ ինչու։ Փոխարենը, պաշտոնյան կրկնեց իր մշտական խորհուրդը՝ մարդիկ պետք է գյուղատնտեսությանը ոչ թե սոցիալական խնդիր լուծելու տեսանկյունից նայեն, այլ՝ բիզնեսի. փող ունեն, թող մշակեն, չունեն՝ չէ։

«Պետք է գյուղատնտեսությանը սկսենք նայել որպես բիզնես, և որպես բիզնես նայելուց՝ բիզնեսմենը պետք է հաշվի իր ծախսերը և իր եկամուտը, և ակնհայտորեն՝ եթե դա ձեռք չի տալիս, չանի, եթե ձեռք է տալիս, անի: Փորձել էդ հարցին ոչ թե որպես բիզնես, այլ որպես սոցիալական պրոյեկտ նայել՝ դա երկարաժամկետ կտրվածքով հեռանկարային չի, և պետք է փորձել գյուղատնտեսությանը սկսել նայել որպես բիզնես», - հայտարարեց նախարարը լրագրողների հետ զրույցում:

Սուբսիդավորումից հույսը կտրած գյուղատնտեսներից ոմանք ասում են՝ ճար չունեն, ստիպված են բարձր տոկոսով վարկ վերցնել, որ հողը մշակեն. - «Տա-չտա, պտի վերցնես, մշակես, ի՞նչ էնես: Պարարտանյութը ո՞վ բերե կուտա, դիզվառելիքը ո՞վ բերե կուտա, սերմացուն ո՞վ բերե կուտա: Ուզած-չուզած պտի վերցնես»:

Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն ասում է՝ գյուղում վարկային սև ցուցակներում հայտնվածները շատ են, հիմա էլ, երբ գյուղացուն կրկին բարձր տոկոսով վարկի հույսին են թողնում, համոզված է, որ սև ցուցակը կմեծանա։ Ինքը 30 հեկտար հող է մշակում, ասում է եթե սուբսիդավորվող վարկ չտրամադրվի, ավելի քիչ կմշակի։

«Եթե ես էսօր պտի 24 տոկոսով վարկ վերցնեմ, ուզենամ դնեմ գյուղատնտեսության մեջ ու արդյունք ունենամ, հաստատ չեմ կարող գրանցել արդյունք: Եթե պտի տանջվիմ ու արդյունք չունենամ, ավելի լավ է՝ չմշակեմ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ասատրյանը:

Վարկերի ծրագիրը դադարեցրած կառավարությունը փոխարենը մեկ հեկտարի հաշվարկով 70 և 120 հազար դրամով սուբսիդավորել է աշնանացան ցորենի ցանքսը՝ փորձելով ավելացնել հացահատիկի ցանքատարածությունները։ Շիրակում աճ կա, բայց պարզվում է՝ գումարը գյուղացիները դեռ չեն ստացել։

Փոխհատուցման ուշացումները թղթաբանական խնդիրներով են պայմանավորված, ասացին մարզպետարանից՝ վստահեցնելով՝ առաջիկայում գումարները կփոխհատուցվեն։

Մինչ այդ, գյուղացիները պնդում են, որ առանց սուբսիդավորվող վարկերի գյուղատնտեսությունը չի զարգանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG