Մատչելիության հղումներ

ՔԿ-ն հաստատում է՝ հայրը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա դստեր նկատմամբ, նկարահանել ու տարածել


Քննչական կոմիտեն հաստատում է օրերս համացանցում տարածված լուրը՝ 38-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա դստեր նկատմամբ, գործողությունը նկարահանել երեխայի տատի հեռախոսով։ Իրավապահներին երեխայի մայրն է դիմել, տղամարդը կալանավորված է։

Առաջադրված միանգամից երկու հոդվածներով տղամարդուն սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

«Պարզվել է, որ փետրվարի 21-ին 38-ամյա անձն իրենց բնակարանում, օգտվելով 9-ամյա դստեր իր նկատմամբ կատարվող արարքների բնույթը չգիտակցելու հանգամանքից, նրա անօգնական վիճակից, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, նկարահանել է մոր հեռախոսով, ստեղծել, ըստ էության, մանկական պոռնոգրաֆիա, որը հետագայում տարածել է սոցիալական ցանցի միջոցով: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ին, բայց հաղորդումն ստացվել է փետրվարի 23-ին, և հենց նույն օրն էլ անձը ձերբակալվել է», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Արդեն 15 տարի Հայաստանում գործող «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն» աջակցություն կտրամադրի այս ընտանիքին, այդ թվում նաև փաստաբանական։ Առաջիկայում կհանդիպեն երեխային ու մորը։

Ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը ցավով է նշում՝ այսպիսի դեպքերը կրկնվում են։ Ասում է՝ տարիներ շարունակ խոսվում է դպրոցներում սեռական դաստիարակության մասին, բայց մինչև հիմա այդ գաղափարը դիմադրության է արժանանում։ Պնդում է՝ տեխնոլոգիաների թռիչքային զարգացման այս դարաշրջանում երեխաներն աղավաղված ինֆորմացիա են ստանում սեռականության մասին։ Հենց դա է փորձագետը խնդրահարույց համարում՝ նշելով՝ երեխան հենց դպրոցում պետք է իմանա իր մարմնի սահմանները, դա պետք է լավ վերապատրաստված մասնագետը բացատրի, բարձր դասարաններում դա արդեն ուշ է։

«Այսքան տարի որ խոսում ենք սեռական դաստիարակության կարևորության մասին, ես սպասում եմ, որ դա կարող է լինել լուծում, որ գոնե երեխան, հասկանում եմ, որ բռնարարին չի կարող դիմադրել, չի կարող ուժով պայքարի, բայց գոնե իմանա՝ որն է սխալ բանը, որ իր հետ տեղի է ունենում, ու իմանա՝ ում կարող է գնալ, պատմել դրա մասին: Շատ մանիպուլացվում է այս թեման հասարակության մեջ: Մարմնի անձնական սահմանները երեխան չպիտի մենակ բռնարարից պահի չէ, որովհետև այս դեպքում հայրն է, ո՞նց տարբերի երեխան, այսինքն՝ ինքը պիտի հասկանա, որ իր մարմնի սահմանները պետք է հարգված լինեն, կապ չունի ում կողմից», - նշեց նա:

Տաթևիկ Աղաբեկյանի ղեկավարած կենտրոնն իր գործունեության 14 տարիների ընթացքում սեռական բռնության 209 դեպքով է զբաղվել, 87 դեպքերում բռնության ենթարկվածները երեխաներ են եղել, հիմնականում ընտանիքի անդամների կողմից։ Վերջին 4 տարիներին անչափահասների հղիթյան 5 դեպքով են զբաղվել։

Ասում է՝ սեռական դաստիարակության պակաս նաև այս երեխաների ծնողներն են ունեցել. «Հղիությունը բացահայտվում է այնքան ուշ ժամկետներում, որ ոչ մի բան էլ հնարավոր չի անել, երեխան ստիպված պետք է տանի ամբողջ հղիությունը, ծննդաբերություն ունենա: Դա սարսափելի փորձություն է, որի միջով ինքն անցնում է, բայց որովհետև շատ ուշ ենք հասկանում և ոչ միայն երեխան, այլ նաև ծնողը»:

Տաթևիկ Աղաբեկյանն ասում է՝ ի տարբերություն չափահասների՝ անչափահասների դեպքում իրավապահները շատ արագ են գործում, բայց համակարգային միասնական մոտեցման կարիք կա այսպիսի դեպքերում, կենտրոնի աշխատակիցներն իրենց փորձով են համոզվել՝ հաճախ հենց ուսուցիչները չգիտեն՝ այսպիսի դեպքերում ինչ աջակցություն ցուցաբերել երեխաներին։

«Եթե օրինակ՝ հիմա դեպք ունենանք, զանգեմ Կրթության նախարարություն, ամեն ինչով պատրաստ են օգնել ինձ, բայց որպեսզի մի գործողություն անենք, որ վերջապես վերջ դնենք, կամ հստակ ընթացակարգ լինի, որ ամեն անգամ մենք չվազենք դպրոց, չեմ տեսնում դեռ շատ կամքի առկայություն՝ մեծ ջանքեր գործադրելու», - նկատեց նա:

9-ամյա աղջնակի պաշտպանությունը առաջիկայում փաստաբան Իննեսա Պետրոսյանը կստանձնի։ Մինչև այդ դժգոհում է՝ մեկ տարի է անցել իր մեկ այլ վստահորդի հայտարարությունից, որ երեխան մանկապարտեզում բռնության է ենթարկվել աշխատակիցների կողմից։

Մինչև այսօր, ասում, գործը նախաքննության փուլում է. «Գործով երկու հոգի ներգրավված են որպես մեղադրյալներ՝ մանկապարտեզի աշխատակիցները: Իմ կարծիքով՝ սա պայմանավորված է նաև նրանով, որ ովքեր մեղադրյալներ են այս գործով, կարծես թե հովանավորություն է նրանց նկատմամբ կատարվում»:

Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների 545 գործ է նախորդ տարի Քննչական կոմիտեում քննվել։ Սակայն, միայն 73-ն են դատարան ուղարկվել։ 73 մեղադրյալներից 33-ն անչափահասի ընտանիքի անդամն են եղել։ Դատարան ուղարկված գործերից 11-ը հարուցվել են սեռական բնույթի գործողության հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG