Մատչելիության հղումներ

Մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու հիմքով քրգործում 11 ամիս անց ոչ մի շարժ չկա. փաստաբան


Գրեթե մեկ տարի է անցել անչափահաս երեխայի ծնողի հայտարարությունից, թե երևանյան մանկապարտեզում իր փոքրիկը բռնության է ենթարկվել։ 11 ամիս առաջ քրեական գործ է հարուցվել, բայց մինչև այսօր նախաքննությունը չի ավարտվել։

Կինը պնդել էր՝ դայակները, խմբի երեխաների միջոցով ստիպել են իր երեխային ուտել հող, խոտ, կղանք, պարանով կապել են փոքրիկի ձեռքերն ու պարանոցը, երկաթյա տաք խաղալիքներով այրել կրծքավանդակը։ Այս ամենի շարժառիթը, ըստ մոր, երեխայի հոր պակիստանցի լինելն էր:

«Տարել են դահլիճ, կապել, խաղալիք ափսեի մեջ կղանք լցրել, որի վրա նաև պլատիլինե հատիկներ տեղադրել, հացի կտոր, և դա էլ են թաթախել մեզի մեջ և խաղալիք գտալով լցրել երեխայիս բերանը։ Բակից բերել են հող, կտրտել խոտ և դա էլ խառնել իրար ու կերակրել, ինչպես նաև մեջքին նստել են երեխաները, քշել ձիու պես, թքել ականջի մեջ, ձեռք տվել մարմնի գրեթե բոլոր մասերը: Նա պատմում է, որ վզին էլ են պարան փաթաթել, վզնից բռնեծ պտտել դահլիճով մեկ», - պատմել էր մայրը:

Երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասում է՝ թեև գործով երկու մեղադրյալ կա, բայց էական տեղաշարժ չկա. «Գործը, կարծես թե քնեցրած է, և քննչական գործողություններ, համենայն դեպս, մեր մասնակցությամբ բավականին երկար ժամանակ տեղի չեն ունենում: Արդեն իսկ ստացվել է փորձագիտական եզրակացությունը, և այդ եզրակացությունը գալիս է նաև փաստելու, որ, ըստ էության, երեխայի ցուցմունքները արժանահավատ պետք է դիտվեն»:

Մանկապարտեզի տնօրինությունը ոչ հերքել, ոչ հաստատել էր երեխայի մոր պնդումները։ Ամիսներ առաջ նույն մանկապարտեզի մյուս սաների ծնողները բողոքի ակցիայով հավաքվել էին ոստիկանության և քննչական կոմիտեի մոտ ու հայտարարել՝ ոչ իրենց երեխաները, ոչ էլ դայակը հանցագործ չեն ու չէին կարող վերագրվող արարքները թույլ տալ։ Վրդովված ծնողներն ասում էին՝ իրենց երեխաներն այդ նույն դայակից ոչ մի վատ բան չեն տեսել։

Երեխայի փաստաբան Իննեսա Պետրոսյանն էլ կարծում է, որ հենց այդ աղմուկն է ճնշել քննիչներին. «Գործը քնեցրել են նաև երևի ինչ-որ տեղ հասարակական այդ լայն կարծիքի պատճառով, որովհետև ստացվեց մի իրավիճակ, որ փոքր երեխան հայտնում է, որ իր նկատմամբ տեղի է ունեցել անթույլատրելի, առերևույթ հանցավոր արարքներ, հանցավոր տարրեր պարունակող արարքներ, և այդքանից հետո հանրությունը դուրս է գալիս այս ընտանիքի դեմ, և ըստ էության, երեխան երկրորդ անգամ և մայրը զոհականացման ենթարկվեցին: Եվ դա էլ, երևի թե, հիմք հանդիսացավ, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը, չնայած նրան, որ այս գործով ներգրավված մեղադրյալներ կան, այնուամենայնիվ ինչ-որ տեղ զգացվում է միտում, շահագրգռվածություն դեպի այդ անձանց նկատմամբ, մեղադրյալների նկատմամբ, այլ ոչ թե դեպի տուժող կողմի նկատմամբ»:

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին ահազանգող ծնողները քիչ են կամ գերադասում են անանուն մնալ։ Անչափահասները առավել հաճախ ընտանիքի անդամների կամ այլ հարազատների կողմից են բռնության ենթարկվում, սա են ցույց տալիս պաշտոնական թվերը։ Քննչական կոմիտեի այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ անչափահասների նկատմամբ հանցագործության 196 գործ է քննվել։

Բոլոր այս գործերով մեղադրյալի աթոռին հայտնված 92 քաղաքացիներից 37-ն տուժող անչափահասի ընտանիքի անդամներն են եղել, նրանցից միայն 1-ն է եղել ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից: Հատկապես դպրոցում ու մանկապարտեզում անչափահասի նկատմամբ կամ նրա մասնակցությամբ բռնության դեպքերն, ըստ մասնագետների, համալիր լուծում են պահանջում։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն օրինակ՝ ասում է՝ արդյունավետ եղանակներ չկան բոլոր իրավիճակներում գործելու համար։ Ուսուցիչներ են վերապատրաստում, պատրաստված հոգեբանների հաստիքներ են ավելացնում դպրոցներում, բայց միայն այսքանով խնդիրը չի լուծվի։

«Ցավոք սրտի, դպրոցների և ծնողների համատեղ աշխատանքը մեր դպրոցների հիմնականում մասում շատ վատ է կազմակերպված: Ծնողները ներգրավվում են ավելի միջոցառումային կազմակերպչական հարցերում, բայց բովանդակային ներգրավվածություն, համատեղ աշխատանք հենց երեխաների միջև խնդիրները՝ բուլինգը թե կանխելու, թե նաև եղած հանգամանքները պարզաբանելու ուղղությամբ բավարար չեն, և այստեղ ծնողների հետ աշխատանքի ձևերը պետք է վերանայվեն:

Ես էլ եմ հասկանում, և բոլորս ենք հասկանում, որ կան կոնկրետ դեպքեր, որտեղ շատ լուրջ միջամտության կարիք կա, և այդ միջամտությունը կարող է արդյունավետ լինել նաև, երբ որ պետական կառույցների միջև կա համագործակցություն, և մեկն ու մյուսը չեն ասում՝ սա իմ խնդիրը չէ, այլ փորձում են լուծել: Ցավոք, հաճախ նաև ավելի բարդ դեպքերի ձևաչափում մենք տեսնում ենք, որ նաև միջգերատեսչական համագործակցության շատ լուրջ խնդիր կա, երբ որ կոպիտ ասած՝ մեկից մյուսի վրա գցելու գործընթաց է գնում», - նշեց նա:

Քննչական կոմիտեի այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ քննված 196 քրեական գործերից միայն 29-ը գործ են ավարտվել մեղադրական եզրակացությամբ։ Ինչո՞ւ անչափահաս երեխայի մոր պնդումները, որ իր երեխան բռնության է ենթարկվել մանկապարտեզում, շուրջ մեկ տարվա ընթացքում այդպես էլ Քննչական կոմիտեից չհասավ դատարան, կոմիտեից այսօր չպատասխանեցին։ Փաստաբան Իննեսա Պետրոսյանն ասում է՝ մինչ 11 ամիս իրավապահների ձեռքի տակ գտնվող քրգործով ոչ մի շարժ չի նկատվում, երեխայի ընտանիքը շարունակում է հոգեբանական բռնության ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG