Մատչելիության հղումներ

Գաֆեսջյան արվեստի կենտրոնում բացվել է Սիրանույշ Աղաջանյանի «Թիթեռներ» խորագրով ցուցադրությունը


Գաֆեսջյան արվեստի կենտրոնը հիմնադրման օրից մայրաքաղաքի ամենաաշխույժ մշակութային կենտրոններից մեկն է, որը մշտապես արվեստասերների համար չափազանց հետաքրիքիր ցուցադրություններ, համերգներ, կինոդիտումներ, գրքերի շնորհանդեսներ ու հանդիպումներ է կազմակերպում՝ նորանոր անակնկալներ մատուցելով։

Օրերս այնտեղ բացվեց Սիրանույշ Աղաջանյանի «Թիթեռներ» խորագրով շատ հետաքրքիր ցուցադրությունը, որը չի կարող անտարբեր թողնել հանդիսատեսին։

«Ազատության» հետ զրույցում Գաֆեսջյան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը նշեց, որ կենտրոնը թե' անցյալ տարի, թե' այս տարի չափազանց ուշագրավ նախագծեր է ձեռնարկել. - «2022 թվականը մեզ համար շատ հագեցած տարի էր. շուրջ ութ ցուցահանդեսային նախագիծ մենք արեցինք, նաև նախատեսված էր հենց Սիրանույշ Աղաջանյանի «Թիթեռների» ցուցադրությունը, բայց տեղափոխվեց 2023։ Եվ ինչ-որ առումով այսպես շատ ավելի լավ ստացվեց, որովհետև թե' քանակը ավելացավ, թե' թեման շատ ավելի հետաքրքիր զարգացավ։ Այս տարի էլ մենք բավականին ծավալուն ծրագիր ենք մշակել, և առաջինը հենց Սիրանույշ Աղաջանյանի «Թիթեռներ» ցուցադրությունն է, որը բացվել է մեր ցուցասրահ 1-ում, որտեղ նաև մեր գրադարանն է»։

Արմեն Եսայանցի խոսքով, Սիրանույշ Աղաջանյանը այն եզակի արվեստագետներից է, ով իր ստեղծագործական գործունեությունն իրականացնում է աշխարհի ամենահին խճանկարի տեխնիկայով՝ հասնելով զարմանահրաշ արդյունքների. - «Սիրանույշ Աղաջանյանը ավելի հայտնի է իր սթրիթ արթ աշխատանքներով, և այդ խճանկարները, որ քաղաքում կարելի է տեսնել շատ տեղերում, պատերին... սկսած 2016 թվականից։ Այսինքն՝ անդրադարձ տարբեր պոպ մշակույթի որոշակի կուռքերի, որոշակի հետաքրքիր սոցիալական թեմաների, անհատների, ամեն տեղ, այսպես ասած՝ ծիկրակում էին այդ խճանկարները փոքր և մեծ։ Եվ այդպես 2021 թվականին, երբ մեր մոտ ցուցադրություն արեցինք «Վաղը» խորագրի ներքո, որի շրջանակում ներկայացնում էինք երիտասարդ մեր արվեստագետներին, նաև Սիրանույշի մի աշխատանք ցուցադրեցինք։ Եվ այն ժամանակ արդեն արվեստագետի հետ խոսեցինք, որ հնարավոր լինի հենց ցուցասրահ 1-ում մի ավելի ծավալուն նախագիծ անել։ Եվ այդ ժամանակ արդեն Սիրանույշը աշխատում էր «Թիթեռներ, սիրահարանք» շարքի վրա, որը կապված էր 44-օրյա պատերազմի հետ։ Դրանից հետո մի շրջան էր, որ ընդհանուր հասարակությունը Հայաստանում և Արցախում բավականին ընկճված էր, այդ թվում արվեստագետները, ովքեր ոչ միայն ակտիվ չէին ստեղծագործում, նաև երևի ինչ-որ չափով հոգեբանական իմաստով իրենց թույլ էլ չէին տալիս ինչ-որ մի բան ստեղծել, կարծես այդ ժամանակը չէր։ Եվ Սիրանույշը մտածեց, որ էս հսկայական թիթեռների միջոցով ինչ-որ առումով պարպի այդ լարվածությունը, այդ մի տեսակ հուսահատությունը ապագայի նկատմամբ։ Որովհետև թիթեռը ինքը բնության նուրբ ու գեղեցիկ է, փոքրիկ, հարյուրավոր անգամներ մեծացնելով՝ կարծես մարդուն կտրում ես այս իրականությունից, տեղափոխում ես մի ուրիշ իրականություն»։

Եվ ուշագրավ մի դիտարկում. այս ցուցադրության շնորհիվ, Եսայանցի խոսքով, հնարավոր է դարձել «սթրիթ արտը տեղափոխել թանգարանային ինստիտուցիոնալ տարածք». - «Ինչքան էլ դա հակասական հնչի, ոնց որ սկսում ենք ուրբանիստական որոշակի մշակութային ֆենոմենը շենքի ներսում իրականացնել։ Եվ այս թիթեռները, ինձ թվում է, շատ հետաքրքիր կյանք կստանան, մանավանդ այս նոր միջավայրում՝ գրադարանային, այսինքն՝ հասարակական միջավայրը, մարդիկ, ովքեր գտնվում են այս գրադարանում, իրենք նաև այդ թիթեռների ընդհանուր էներգետիկ դաշտում կլինեն»։

Նա նշեց, որ նախապես որոշված է, որ ցուցադրությունը կգործի մինչև հունիս. - «Բայց գուցե նաև մի քիչ երկար պահենք։ Այս ցուցադրության հետ կապված նաև կրթական ծրագիր է մշակվում»։

Ինչ վերաբերում է առհասարակակ Գաֆեսջյան արվեստի կենտրոնի այս տարվա այլ ծրագրերին, ապա Արմեն Եսայանցն ասաց. - «Թե' տեղացի, թե' արտասահմանից արվեստագետների հետ ենք նախագծեր անելու։ Մի աուդիո-վիզուալ պրոյեկտ ունենք Ֆրանսիայի դեսպանատան հետ, Ֆրանսիայից արվեստագետ Ալեքսիս Պոլի հետ։ Հետագայում էլի սթրիթ արթի արվեստագետի հետ ունենք ցուցադրություն մեր «Արծիվ» սրահում, որը նախատեսվում է մայիսին։ Շատ փակագծեր չեմ ուզում բացեմ, մի քիչ էլ թող անակնկալ լինի։ Ամռանը կներկայացնենք մի շատ հետաքրքիր մասնավոր հավաքածու ժամանակակից հայ կերպարվեստի, ավելի շատ 90-ականների 2000-ականների հետ կապված։ Եվ տարվա վերջում ևս երկու հատ հետաքրքիր նախագիծ ունենք։ Թումոյի հետ մի նախագիծ ունենք, որը էլի աշնանն ենք ներկայացնելու»։

Անդրադառնալով արվեստի կենտրոնի այցելուներին՝ Արմեն Եսայանցն ասաց. - «Բազմազանությունն է փոխվում, այսինքն՝ ավելի բազմազան դառնում։ Նաև ուրախալի է, որ տարիների ընթացքում ոչ միայն մեր մոտ, այլև շատ մշակութային հաստատություններում ավելի ակտիվանում է այցելությունները։ Որովհետև ծրագրերն են ակտիվանում։ Պահանջարկը կա, և մենք նաև այդ պահանջարկը փորձում ենք ստեղծել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG