Մատչելիության հղումներ

Անի խոշորացված համայնքում կայանալիք արտահերթ ընտրություններին չորս քաղաքական ուժ կմասնակցի


Չորս քաղաքական ուժ է առաջադրվել մոտ մեկ ամսից Անի խոշորացված համայնքում կայանալիք արտահերթ ընտրություններում։ Իշխանության համար կպայքարեն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», Անիի նախկին համայնքապետի առաջնորդած «Ազգ-համայնք» դաշինքը, «Հայկական երազանք» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Անիում նախորդ՝ հերթական ընտրություններից հետո, երբ պարտված «Քաղաքացիական պայմանագրի» ջանքերով ավագանու ձևավորումը տապալվեց, վարչապետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց իր կուսակից Արման Սարիբեկյանին։ Վերջինս այս անգամ էլ է գլխավորում իշխող ուժի ցուցակը։ Այժմ՝ արտահերթին ընդառաջ մյուս ուժերը խոսում են իշխանական ճնշումների ու վարչական ռեսուրսի չարաշահման մասին:

«Դա գալիս է նրանց, որ թույլ են, թուլության նշան է, դա բռնություն է: Հետևաբար մենք էդ հարցին վերաբերվում ենք ժպիտով», - ասաց Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանը:

Նախորդ ընտրություններում 49 տոկոս ձայներով հաղթել էր Անին 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանի դաշինքը։ Բայց մյուս մասնակիցները ավագանու նիստերը բոյկոտեցին ու 21 հազար բնակիչ ունեցող համայնքը մնաց ժամանակավոր կառավարման հույսին։ Գևորգյանն ասում է՝ համայնքապետի ՔՊ-ական պաշտոնակատարը իր թիմակիցներին ազատել է աշխատանքից՝ իրեն սատարելու համար։

«Էդ մարդիկ մնացել են դուրս ընդամենը էն պատճառով, քանի որ գտնվել են իմ կողքին, գտնվել են մեր հետ», - նշեց Գևորգյանը:

Պաշտոնակատար Արման Սարիբեկյանը հակադարձում է՝ համայնքապետարանի նախկին աշխատակիցները իրենք են դիմում գրել-աշխատանքից դուրս եկել իր նշանակումից հետո, 16 վարչական ղեկավարներին էլ ինքն է ազատել վատ աշխատելու համար, իսկ վարչական ռեսուրսի չարաշահման մասին պնդումները կտրականապես հերքում է:

Ճնշումներից է խոսում նաև «Հայկական երազանք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ագուն Սաղաթելյանը, սակայն, առանց կոնկրետ օրինակների, ասում է առաջիկայում կհրապարակի։

«Էսօր փաստացի ռեպրեսիաներ կան իշխանության կողմից, էդ տեսանելի է, որը խորթ է արդեն էս ժողովրդին, որովհետև ժողովուրդն արդեն իր վրայից էդ լուծը թոթափել էր», - ընդգծեց Սաղաթելյանը:

Անիում այս անգամ ընտրապայքարին մեկ նոր ուժ է միացել՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Ցուցակը գլխավորող Արմենակ Նաջարյանը նախորդ ընտրության ժամանակ նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի դաշինքի երկրորդ համարն էր։ Նաջարյանը բացառում է, որ Գևորգյանի հորդորով է մտել ընտրապայքարի մեջ. - «Բացառում ենք, որովհետև մենք դրել ենք մեր հաղթանակի համար, չենք դրել ուրիշին հաղթանակ նվիրելու համար»:

Մինչդեռ «Քաղպայմանագրի» թեկնածու Արման Սարիբեկյանը վստահ է, որ նախկին համայնքապետի նախկին թիմակցի առանձին հայտը տակտիկական քայլ է. - «Փաստացի քաղաքական ուժը տրոհվել է երկու մասի, թեկնածուի երկրորդ համարը առանձնացել, առանձին կուսակցությունով է հանդես գալու, ըստ էության, նույն ընտրազանգվածն է: Քաղաքական օրակարգի փոփոխություն չեմ տեսնում, ընդհանուր պայքարի տակտիկա են ընտրել, որը չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխի»:

Առաջին անգամը չէ, որ համայնքներում իշխող ուժի պարտությունից ու ավագանու չձևավորումից հետո արտահերթի սցենարն է կիրառվում։ Ինչո՞ւ, արդյո՞ք սա «Քաղաքացիական պայմանագրի» ձեռագիրն է դառնում, հետաքրքրվեցինք տարածքային կառավարման նախարարից:

«Դա ձեռագիր չի, որտեղ որ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում է, հաղթում է, որտեղ պարտվում է, այլ թեկնածու է 50 տոկոսից ավելի հավաքում, մենք պարտվում ենք, այլ թեկնածու դառնում է համայնքապետ, որտեղ որևէ մեկը չի հաղթում, ստեղծվում է այսպիսի իրավիճակ: Շատ պարզ է, շատ տրամաբանական, օրենքում գրված է, որ 50 տոկոսից ավելի որևէ մեկը պետք է ձայն հավաքի, հիմա Անիում ոչ մեկը չէր հավաքել, ունենք այս իրավիճակը», - պատասխանեց Գնել Սանոսյանը:

Նա միաժամանակ ընդունեց՝ մեկ համայնքում ավագանու 2 ընտրությամբ ղեկավար ընտրելը պետության վրա թանկ է նստում։

Անիում ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։

XS
SM
MD
LG