Մատչելիության հղումներ

Կարծում եմ՝ թիմային բաժանում չկա, չի լինի, համախմբված կաշխատեն. նախարարը՝ Շիրակում փոփոխություններից


Շիրակի մարզի ամենամեծ համայնքներից մեկի՝ Ախուրյանի բնակիչներին ավելի շատ հետաքրքրում է գյուղատնտեսական տարին, քան նորանշանակ մարզպետի ով լինելը։

«Մարզպետը պիտի ժողովրդին նայե, բայց ես չիդեմ՝ ինքն իրեն կնայե, թե ժողովրդին։ Չեմ ճանաչում», - ասաց բնակիչներից մեկը. «Թող բարի իրեն աշխատանք եղնի, թող լավ եղնի, ժողավրդական եղնի»։

Ինքը՝ Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որ մինչ այս ղեկավարում էր «Արփի լիճ» ազգային պարկը, չի ընդունում, որ ճանաչված չէ։

«Եթե ինչ-որ բնակիչներ կան, որ չեն ճանաչում առաջիկայում անպայման առիթ կլինի ճանաչելու», - ասաց նա։

5 տարում՝ 5 մարզպետ. Շիրակի մարզը հեղափոխությունից հետո մարզպետների հաճախակի փոփոխությամբ ռեկորդակիր է։ Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն, ով այսօր Գյումրի էր եկել նոր մարզպետին ներկայացնելու, այստեղ արտառոց ոչինչ չի տեսնում. «Շիրակի մարզը պետք է ռեկորդակիր կլինի։ Ընդամենը հանգամանքների բերումով, որևէ այլ բացատրություն չկա»։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը կարծում է՝ Շիրակում մարզպետների հաճախակի փոփոխության պատճառն այն է, որ իշխանությունները համապատասխան կադրեր չունեն։

«Տասնամյակների ընթացքում ընդդիմադիր քաղաքական ուժերը կադրային բազա չեն աճեցրել, չեն ունեցել, չէին էլ կարող ունենալ, բացի նրանցից, որոնք կոալիցիոն համաձայնագրերով համագործակցել են հիմնական իշխանական ուժի հետ», - ասաց նա։

Բարսեղյանը նաև ուռճացված է համարում մարզպետի հաճախակի փոփոխության շուրջ խոսակցությունները. «Մարզպետի պաշտոնը նույնիսկ քաղաքական պաշտոն չէ, ինքը կառավարության գործակատարն է, կառավարության ծրագրերի իրականացնողն ու վերահսկողն է ինչ-որ չափով մարզային մասշտաբով, նույնիսկ մեկ փոքր գյուղի գյուղապետի չափ ազատություն չունի որևէ մարզպետ Հայաստանում, երբ ուսումնասիրում ես իրենց գործառույթները»։

Նախկին մարզպետ, ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը անցած շաբաթ հրաժարական տվեց՝ հանրությանը, սակայն, չներկայացնելով պատճառը։ Իսկ ո՞վ է առաջադրել 48-ամյա Մուշեղ Մուրադյանի թեկնածությունը։ Նա, ի դեպ, հին և նոր իշխանությունների օրոք եղել է մարզպետարանի աուդիտի բաժնի պետը։

«Մենք ունեցել ենք մի քանի թեկանածու, քննարկել ենք վարչությունում, որոշվել է, որ պարոն Մուրադյանը պետք է նշանակվի, ինչը մեր թիմում նորմալ պրոցես է, առաջարկում են թեկնածուներ, քննարկում է տեղի ունենում, կարծում եմ՝ թիմային բաժանում չկա կամ չի լինի, նորմալ, համախմբված կաշխատեն», - ասաց Գնել Սանոսյանը։

«Ես քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ, անդամ եմ, իմ թիմն է քննարկել, կուսակցության վարչությունում է քննարկվել, հիմա ես չեմ կարող ասել, բոլորն էլ ինձ ճանաչում են։ Հավանաբար այս սկզբունքով է եղել քննարկումը», - ասաց Մուշեղ Մուրադյանը։

Չնայած մարզպետն իրեն քաղաքական թիմի անդամ է համարում, բայց մարզպետարանի կայքում նա անկուսակցական է ներկայացված։ Մուրադյանը մի քանի ամիս առաջ է «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու դիմում գրել, «Ազատությանն» ասել էր, թե պատասխանը դեռ չի ստացել։ Նորանշանակ մարզպետը խոստովանում է, որ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում է պաշտոնը ստանձնում՝ առաջիկայում մարզպետարանի կառուցվածքային փոփոխություններն են և Անի խոշորացված համայնքում իշխող ուժի պարտությունից ու բոյկոտից հետո նշանակված արտահերթ ընտրությունները։

XS
SM
MD
LG