Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան


ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 28-ից մարտի 3-ը կայցելի Ղազախստան, Ուզբեկստան և Հնդկաստան: Այդ մասին հայտնել է ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսը:

Աստանայում Բլինքենը կմասնակցի նախարարական մակարդակով համաժողովին, որին ներկա կլինեն Կենտրոնական Ասիայի՝ Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Միացյալ Նահանգների պատվիրակները:

Փրայսի խոսքով՝ օրակարգում տնտեսության, էներգետիկայի, բնապահպանության և անվտանգության հարցեր են:

Ղրղըզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի կառավարությունների ներկայացուցիչների հետ պետական քարտուղարը քննարկելու է «երկկողմ և բազմակողմ համագործակցության եղանակով ընդհանուր նպատակը՝ բարգավաճ, անվտանգ և դեմոկրատական տարածաշրջանի տեսլականն առաջ տանելու հնարավորությունը»:

Ապա Բլինքենը կմեկնի Տաշքենդ, որտեղ կհանդիպի Ուզբեկստանի բարձրաստիճան ղեկավարների հետ, իսկ մարտի 1-ին կուղևորվի Նյու Դելի, որտեղ կմասնակցի «Մեծ քսանի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովին:

Այդ միջոցառման օրակարգում, ըստ Փրայսի, պարենային և էներգետիկ անվտանգության, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի, գլոբալ առողջապահության և բնական արհավիրքների հետևանքների վերացման ու մարդասիրական օգնության հարցերն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG