Մատչելիության հղումներ

Կալանավորվել է 2020-ի նոյեմբերի 10-ին Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը․ ԱԱԾ


Ցուցարարները կառավարության շենքում՝ 10-ը նոյեմբերի, 2020թ․
Ցուցարարները կառավարության շենքում՝ 10-ը նոյեմբերի, 2020թ․

Ձերբակալվել և երկու ամսով կալանավորվել է 2020-ի նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների ընթացքում Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը՝ Թ․Ա․-ն, տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության և հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը, Ազգային ժողովի մոտակայքում դաժան ծեծի ենթարկվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նրա ծեծի գործով կան մեղադրյալներ:

Ցուցարարներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում, 10-ը նոյեմբերի, 2020թ․
Ցուցարարներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում, 10-ը նոյեմբերի, 2020թ․

ԱԱԾ-ն այսօր փոխանցում է, որ Թ․ Ա․-ն նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի և վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, դրանց ներսում զանգվածային անկարգություններ են կատարվում, գնացել է Երևանի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկ։

Տեսնելով ավտոմեքենայում խցանման մեջ գտնվում Արարատ Միրզոյանին, ըստ ԱԱԾ-ի, «տվյալ անձը միացել է Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն գետնին ընկած Արարատ Միրզոյանին և վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ, այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Միրզոյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է` դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ և այլ վնասվածքների ձևով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը»։

Ցուցարարները կառավարության շենքում, 10-ը նոյեմբերի, 2020թ․
Ցուցարարները կառավարության շենքում, 10-ը նոյեմբերի, 2020թ․

Ինչպես ծառայությունն է նշում՝ հանցագործությունը չի իրագործվել, քանի որ Միրզոյանի անվտանգություն աշխատակիցների միջամտության արդյունքում ԱԺ նախագահը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն։

Զանգվածային անկարգությունների գործով նախաքննությունը շարունակվում է, մոտ մեկ տասնյակ մարդ արդեն դատապարտվել է տարբեր պատժաչափերով։

XS
SM
MD
LG