Մատչելիության հղումներ

Ըստ ԱԱԾ-ի, քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների, կամ կազմակերպիչների նկատմամբ


ԱԱԾ շենքը Երևանում
ԱԱԾ շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է՝ քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայում 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Ըստ հաղորդագրության, ԱԱԾ քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ԱԱԾ-ն հաղորդում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են նաև շուրջ 250-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ:

«Հարկ է նշել, որ քրեական գործի փաստական տվյալներով հաստատվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցները, բացի ջարդ, առանձնապես խոշոր չափերով գույքի ոչնչացում կամ վնասում և այլ նույնաբնույթ գործողություններ իրականացնելուց, օգտվելով ստեղծված իրավիճակից, ՀՀ կառավարության վարչական շենքում տեղակայված աշխատասենյակներից, ՀՀ Ազգային ժողովի շենքում գտնվող աշխատասենյակներից և նիստերի դահլիճից, կառավարական առանձնատնից շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են նաև առանձնապես խոշոր չափերի գույք, առևանգել են ՀՀ ԱԺ բակում կայանված պետական սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները, որոնց մի մասը քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են»,- ասված է հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ, ԱԱԾ-ն ընդգծում է, որ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ առկա փաստական տվյալները վկայում են, որ զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը պարտադիր զինվորական ծառայություն անցած չի եղել, ինչպես նաև չեն մասնակցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում ծավալված ռազմական գործողություններին:

«Ավելին, քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգերով հետազոտված ապացույցները փաստում են, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց նախապես հավաքագրել, դեպքի վայր հանդիսացող շենքերում և շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել են հանրությանը հայտնի՝ հակաիշխանական հայացքներ ունեցող և ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի համախոհները, ովքեր մի շարք դեպքերում անձամբ են իրականացրել գույքի ոչնչացումներ, վնասումներ, տվել բռնություն գործադրելու կոչեր, իրականացրել բռնի գործողություններ», - ասված է հաղորդագրությունում:

Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի, քննությամբ պարզվել է, որ «զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամները, Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակիցները, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ, որոնց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել են դատավարական հարկադրանքի միջոցներ և հարուցվել են քրեական հետապնդումներ»:

«Վերոգրյալը հիմք է տալիս վարույթն իրականացնող մարմնին ողջամիտ պնդումներ կատարելու այն մասին, որ հիշյալ անձանց կողմից զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը պայմանավորված է եղել ոչ թե Արցախյան պատերազմի ելքով, այլ՝ նշված հանգամանքն օգտագործելու եղանակով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելը», - նշվում է հաղորդագրությունում:

Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ի գիշերը, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին․ ցուցարարները ներխուժեցին Կառավարության, Ազգային ժողովի շենքեր, սկսեցին վնասել գույքը։ Այդ օրը դաժան ծեծի ենթարկվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG