Մատչելիության հղումներ

Իննամյա Կարոյի նկարում արցախցի տատիկը կանաչ աչքեր ունի ու «սրտիկ»


«Կարմիր խաչով եմ եկել, եկել եմ Երևան քաղաք։ Եկել եմ, որ բուժվեմ, հետո գնամ Արցախ։ Չգիտեմ ինչ հիվանդ եմ, մաման գիտի...», - ասում է իննամյա Կարոն։

Նրա համար ծիծաղելի են այդ հիվանդությունների անունները, հիշել չի կարողանում։ Նրա հիվանդասենյակն ամենագույնզգույնն է, մայրիկը մատիտներ է գնել։ Կարոն սիրում է գծել տատիկին ու պապիկին։

Մուկովիսցիդոզ, էպիլեպսիա, շաքարային անկանոնություն, ոսկրային խնդիր. որդու ախտորոշումներն է թվարկում մայրը։ Արցախի բլոկադան փակել էր նաև որդու դեղերի ճանապարհը, որ խմում էր ծնված օրից, ամեն օր։

Կարոն Արցախում էր, երբ տեսակապով զրուցեցինք։ Մեծ դժվարությամբ էին Ստեփանակերտի դեղատներից դեղեր գտնում։ Մոր՝ Նարինե Դանիելյանի փոխանցմամբ, որդու վիճակը վերջին ամսում ավելի էր բարդացել. - «Ինչքան դիմում էի, մեկը մեկովն էին գցում։ Հետո պետնախարարին դիմեցի, հաջորդ օրը իսկույն էնտեղից զանգեցին, միանգամից կանչեցին, թղթերը պահանջեցին...»

Երևան հասան Կարմիր խաչի մեքենայով, Արցախից 7 ուրիշ հիվանդների հետ։ Ճանապարհի ադրբեջանցիներին Կարոն չի մոռանում, մեքենան կանգնեցրին։ Գիտի ինչու. - «Իրանց հմար պայքարում էին, ադբեջերեն խոսում էին, չգիտեմ ինչ էին խոսում... Տեսել էի թուրքերը ինչ էին անում, տելեֆոնները դյուս կալած, յուրանց հետի նկարում էին։ Ասում էին՝ տեսեք, ճանապարը բաց ա, յուրանք քինամ են, մունք չենք կապալ...»

Նարինեն ծիծաղում է, ասում է՝ տղան մեքենայի ներսում փորձում էր ընդվզել. - «Ինչ-որ տասնչորս տարեկանները հեռախոսները ձեռին... էրկու կոպեկի խաթըր էկել ակտիվիստ են ձևանում, մեզ էլ նկարում են... Էնքան որ էրեխային զսպում էի, որ մի բան չասի, բերանն էի փակում»։

Հիմա մայր ու որդի Արաբկիր բուժկենտրոնում են։ Կարոն մինչև ճանապարհի փակումը պարբերաբար Երևան էր գալիս՝ հետազոտվելու ու բուժման համար, Արցախում նեղ մասնագետներ չկան։

«Էրկու ամիսը մեկ իրանք անալիզներ են հատուկ հանձնում։ Նման մարդկանց համար դա իրոք կյանքի ճանապարհ ա», - ասում է մայրը։

Բժշկական հարցերին գումարվում է նաև այն, որ տղային միրգ-բանջարեղեն էր պետք, բայց չկար։ Նաև սիրելի բաներ, որ տրամադրությունը բարձրանա. - «Որ ասեմ, չեք հավատա։ Կարոտել էի չիփսը։ Ամիսը մի հետ ա ինձ կարելի։ Էկել էինք... որ գնում էին Սպիտակ, պապայիս ասեցի՝ պապ, իմ համար մի հատ չիփս առ, կայնեց առավ։ Պապաս իմ խոսքս չի ասում՝ չէ, չեմ առնելու, ձեռքիս փող չկա... վերջի փողն էլ կտա, որ իմ համար բան առնի»։

Երևանում առաջին պահանջներից մեկը կարտոֆիլն էր։ Հետո հիացավ կիվիով։

Հիվանդանոցում Կարոն ընկերներ ունի, բարբառից գրական հայերենի արագ է անցնում։

Նկարում է Արցախի տատիկին։ Նրա նկարում տատիկը կանաչ աչքեր ունի ու էլի «սրտիկ»...

Վերադառնան Ստեփանակերտ, Կարոն կշարունակի նկարչության դասերը, բայց առայժմ երկարատև բուժման կարիք կա։

Նարինեն ասում է՝ գուցե վիրահատություն էլ պետք լինի. պարտադիր դեղորայքը, քանի դեռ հիվանադանոցում են, ստանում են։ Բայց ի՞նչ է լինելու, երբ ստիպված լինեն այստեղից դուրս գալ։ Երևանում որտե՞ղ կացարան կգտնեն, Կարոյի դեղերն ինչպե՞ս են ձեռք բերելու. հարցեր են, որ հանգիստ չեն տալիս մայրիկին։

Նարինե Դանիելյան
Նարինե Դանիելյան

Նրա մյուս երկու երեխաներից մեկը Ստեփանակերտում է մնացել՝ 4 տարեկան, մյուսը՝ 3-ամյա տղան Սպիտակում է, հարազատների մոտ։

Շրջափակումը այնքան խնդիրներ է ստեղծում, ասում է Նարինեն. - «Ով էլ որ դաժե մտքի ծերով մի քիչ մտածում ա, որ կարող ա դուս գա՝ էրեխեքի խաթեր միայն։ Որովհետև ո'չ դպրոց կա, ո'չ մանկապարտեզ... ոնց որ կանխամտածված մարդուն անգրագիտության տանեն։ Բայց դե մենք բամբյոժկի տակ էլ ենք շատ վախտ մանկապարտեզում էղել։ Մանկապարտեզի պատվալում ես հիշում եմ իմ մանկությունը»։

Արցախյան առաջին պատերազմում Նարինեն կորցրել է հորը, հորեղբորը, քեռուն։ Պնդում է՝ Արցախից դուրս, ապրելու այլ հասցե ու երկիր չեն փնտրում...

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG