Մատչելիության հղումներ

Ամերիկան առեղծվածային երեք օբյեկտ է խոցել սեփական օդային տարածքում


Միացյալ Նահանգները հայտարարում է, թե անցած երեք օրում երեք չբացահայտված թռչող սարք է խոցել սեփական տարածքում։ Գերտերության ռազմական ղեկավարությունը, սակայն, դեռ չի հստակեցնում՝ ինչ օբյեկտներ էին դրանք, որ երկրից էին եկել և ինչ նպատակով։

«Առայժմ ոչինչ հայտնի չէ»,- երեկ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության ղեկավար, գեներալ Գլեն Վան Հերքը։

«Ես չեմ ուզում դրանք օդապարիկների շարքը դասել, և պատահական չէ, որ մենք դրանք օբյեկտ ենք անվանում։ Չեմ կարող ասել՝ ինչպես են դրանք մնում օդում, գուցե դրա կառուցվածքում գազի բալոն կամ ինչ-որ շարժիչ է տեղակայված։ Եվ շատ եմ խնդրում դրանք չվերագրել որևէ կոնկրետ երկրի․ մենք չգիտենք՝ որտեղից էին եկել, և այդ պատճառով պատրաստվում ենք մանրամասն հետաքննել, որպեսզի կարողանանք գնահատել և վերլուծել՝ ինչն ինչոց է», - ասել էր նա։

Միջադեպից հետո գեներալն անգամ չէր բացառել, որ դրանք կարող են այլմոլորակային օբյեկտներ լինել․ «Թող այդ հարցին հետախուզությունը պատասխանի»,- ասել էր Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Ավելի ուշ, սակայն, Ամերիկայի ռազմական ղեկավարության մեկ այլ պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, ասել է. «Հրամանատարությունը որևէ ապացույց չունի, որ խցված օբյեկտները այլմոլորակային ծագում են ունեցել», - հաղորդում է «Ռոյթերզը»։

Այս պահին հստակ է միայն, որ առեղծվածային օբյեկտներից վերջինը եղել է անօդաչու, ութանկյուն կառուցվածքով, խոցվել Կանադայի հետ սահմանին՝ Հուրոն լճի վրա, նախագահ Բայդենի հրամանով։

Պենտագոնի հատուկ հայտարարությունը նշում է՝ երեկ խոցված օբյեկտը ռազմական սպառնալիք չի ներկայացրել, սակայն «կարող էր վտանգավոր լինել օդանավերի համար, քանի որ գտնվում էր մոտ 6100մ բարձրության վրա»։ Բացի այդ, ամերիկյան կողմը չի բացառում, որ այն կարող էր «հետախուզական կարողություններ ունենալ»։

«Կրկին, ընդգծում եմ՝ մեր գնահատականով այդ օբյեկտները մարդկանց համար վտանգավոր չէին, սակայն մենք մանրազնին քննություն ենք անցկացնում՝ որոշելու դրանց կառուցվածքն ու նպատակը»,- ասել է Ամերիկայի անվտանգության հարցերով փոխպետքարտուղար Մելիսա Դալթոնը։

Տասն օր առաջ էլ Միացյալ Նահանգների ռազմական օդուժը հայտարարեց, թե Չինաստանից եկած օդապարիկ է խոցել։ Պենտագոնն այն ժամանակ պնդել էր, թե այն հետախուզական նպատակներով էր ներխուժել Ամերիկայի օդային տարածք, և որ Պեկինը վերջին տարիներին նման փորձեր է իրականացրել նաև այլ երկրներում՝ Լատինական Ամերիկայից մինչև Եվրոպա։ «Մենք արդեն փոխանցել ենք մեր ունեցած ողջ տեղեկատվությունը մեր դաշնակիցներին»,- հայտարարել էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծում են, որ ի տարբերություն տասն օր առաջ խոցված օդապարիկի՝ վերջին օրերին Ամերիկայի օդային տարածքում հայտնված օբյեկտների ծագման վայրն ու նպատակները հստակ չեն։

«Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ անհրաժեշտ է զգոնությունն ավելացնել»,- այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով. «Այն, ինչ տեսանք Միացյալ Նահանգներում, նույն շղթայի մի մասն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են Չինաստանն ու նաև Ռուսաստանը գնալով մեծացնում հետախուզական ակտիվությունը Հյուսիսատլանտյան դաշինիքի երկրների նկատմամբ»։

Պեկինը պնդում է, թե անցած օրերին խոցված երեք օբյեկտներից տեղեկություն չունի։ Արտգործնախարարությունը, միաժամանակ, ընդունում է, որ տասն օր առաջ խոցված օդապարիկը չինական էր, պատճառաբանելով, թե այն քաղաքացիական էր և շեղվել էր ուղուց։

Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին

Չինաստանն իր հերթին այսօր Նահանգներին է մեղադրել հետախուզական սարքեր կիրառելու համար։

«Անցած մեկ տարում միայն ամերիկյան տասը օդապարիկ է մտել Չինաստանի տարածք»,- այսօր հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։

Սպիտակ տունն անմիջապես հերքել է այս մեղադրանքները։ «Չինաստանն է, որ ունի հետախուզական տվյալների հավաքագրման նպատակով օդապարիկների օգտագործման ծրագիր, որն օգտագործվել է հինգ մայրցամաքներում ավելի քան 40 երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ինքնիշխան տարածքը խախտելու ըհամար»,- Թվիթերում գրել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը։

Վերջին միջադեպը էլ ավելի է սրել երկու գերտերությունների առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Օդապարիկը խոցելուց հետո, մասնավորապես, Պեկինը հայտարարեց, թե «ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն ազդել և վնասել են Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները կայունացնելու ջանքերը»։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ չեղարկել էր նախօրորք նախատեսված այցը Պեկին։

XS
SM
MD
LG