Մատչելիության հղումներ

ՀՀ ղեկավարները շնորհավորել են ԻԻՀ ղեկավարությանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Թեհրանում ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փետրվար, 2019թ.
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Թեհրանում ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փետրվար, 2019թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ:

Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Ալի Խամենեիին Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. - «Բազմադարյա արմատներ, հարուստ պատմություն և ավանդույթ ունեցող հայ-իրանական ջերմ և բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկու երկրների համար։ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արդեն ավելի քան երեք տասնամյակ է՝ ականատեսն ենք երկկողմ անշեղ և կայուն համագործակցության։ Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում թրծված հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ապագայում առավել մեծ նվաճումներ կգրանցեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների»։

Իրանի նախագահին Հայաստանի վարչապետի հղած ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական աննկուն հարաբերությունները։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք նոր մակարդակի հասցնել միջպետական փոխգործակցությունը, որի բազմոլորտ օրակարգն առավել կընդլայնվի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության և մեր երկրների անվտանգության։ Մեծապես կարևորելով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման շուրջ մեր պատկերացումները՝ վերահաստատում եմ նախորդ տարի իմ՝ Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստան այցելելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը»։

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանը Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին գրել է. - «Դարերի խորքից եկող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնահատուկ կարևորություն ունեն մեր պետության և ժողովրդի համար։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կայուն զարգացման ուղիով ընթացող հարաբերություններն այսուհետ ավելի մեծ բարձունքներ կնվաճեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային կայունության»:

Այաթոլա Խամանեիին նախագահ Խաչատուրյանի հղած ուղերձում էլ մասնավորապես ասված է. - «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հազարամյա պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական կապերը, որոնք անշեղորեն շարունակում են զարգանալ։ Լիահույս եմ, որ առկա սերտ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ երկուստեք գործադրվող հետևողական ջանքերի շնորհիվ մոտ ապագայում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ նպաստելով մեր երկրների միջև փոխվստահության վրա հիմնված բազմաբևեռ հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը»:

XS
SM
MD
LG