Մատչելիության հղումներ

Բաքուն կոչ է արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել՝ «Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար»


Ադրբեջանը Հայաստանից պահանջում է կատարել միջազգային պարտավորությունները, պատասխանատվության ենթարկել «ռազմական հանցագործությունների մեղավորներին», նաև կոչ է անում ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին միջոցներ կձեռնարկել այդ ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Հայաստանն այժմ չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները, այդ թվում՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, պայմանագրային մարմինները և մանդատակիրներին», - ասել է խոսնակը՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունը, որ Ադրբեջանն անտեսել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ մանդատակիրների դիմումը Ադրբեջանի վերաբերյալ և բացատրություն չի տվել ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազական հանցագործությունների վերաբերյալ։

Ըստ Հաջիզադեի՝ հայկական կողմը «խեղաթյուրված օգտագործում է ՄԱԿ-ի մանդատակիրների հերթական խնդրանքը Ադրբեջանին, և դա ուղղված է Հայաստանի կողմից Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ իրականացված ռազմական հանցագործությունները քողարկելուն և միջազգային հանրության ուշադրությունը շեղելուն»։

ՄԱԿ մանդատակիրների կողմից վերջերս հրապարակվել է Ադրբեջանին ուղղված նամակը, որը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է բացատրություններ ներկայացնել 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարված պատերազմական հանցագործությունների դեպքերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում նաև 2020թ.-ի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիների ազատ չարձակման հարցին: Ադրբեջանը, սակայն նախատեսված ժամանակահատվածում որևէ կերպ չի արձագանքել ՄԱԿ մանդատակիրներին։

Այս նամակին անդրադառնալով՝ պաշտոնական Երևանը հայտարարել էր. «Ադրբեջանը, լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք, հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները և չի համագործակցում ՄԱԿ մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարևոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները (հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները): Այս իրավիճակում հրամայական է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը, մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG