Մատչելիության հղումներ

Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա


Վարչապետի որոշմամբ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու տուժած շրջաններում իրականացվող աշխատանքներին:

Պաշտոնական Երևանը այլ մանրամասներ չի հայտնում՝ չհստակեցնելով, թե քանի հոգանոց ջոկատներ կմեկնեն աղետի գոտի։ Կառավարությունը նաև հումանիտար աջակցության պատրաստակամություն էր հայտնել, սակայն այս մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։

Նախօրեին երկու երկրները ցնցած երկրաշարժը հազարավոր կյանքեր է խլել, վերջին տվյալներով, Թուրքիայում զոհերի թիվն անցել է 3400-ը , Սիրիայում ՝ 1600-ը։

Այս դժոխքի միջով նաև հայերն են անցնում։ Տասը տարի առաջ Երևանում հաստատված սիրիահայ Արման Չիրիշյանի ծնողներն ու եղբոր ընտանիքը Հալեպում են, ավերիչ երկրաշարժից հետո դրսում են մնացել, գիշերում են մեքենաների մեջ։

«Մեծամասնության տուները, թեկուզ առաջին հարկ, երկրորդ հարկ, սաղ ճաքեր ա։ Էդ որ չի փլել, բայց մեծամասնությունը մեծ վնասներ են կրել։ Շատ ահավոր վիճակ ա», - «Ազատությանն» ասաց Չիրիշյանը։

Ողբերգության մասին սիրիահայն իմացել է մի քանի ժամ հետո, այդ պահից ի վեր հարազատների հետ անդադար կապ է փորձում պահել։

Այդ երկրին ու այնտեղ ապրող հայերի գլխին եկած դժբախտությունները քիչ էին, հիմա էլ սա, սրտեղում է Չիրիշյանը. - «Դե ինչքան վատ էր, հիմա շատ ավելի վատ վիճակ ա, շատ ահավոր վիճակ ա։ Չէի ուզեր մեր հայերը էսքան չարչարվեին էնտեղ, մանավանդ Սիրիայի մեջ»։

Ծնողների ու եղբոր տները վնասվել, բայց կանգուն են մնացել։ Ինքն էլ Հալեպում բնակարան ունի, բայց սիրտ էլ չունի հետաքրքրվելու, թե իրենն ինչ վիճակում է. - «Չեմ էլ ուզում հարցնեմ դրա մասին, որովհետև ամեն մարդ իրենց հարցերով զբաղված են»։

Ցնցումներն աղետի գոտում անդադար կրկնվում են։ Հալեպից Ռուբեն Գևորգյանի փոխանցմամբ՝ հայերի մեծամասնությունը տանը չի գիշերել, մի մասը մեքենաներում, մյուսները եկեղեցիներում ու հայկական այլ կառույցներում են հավաքվել։

Ավերիչ երկրաշարժի հետևանքով առայժմ հաղորդվել է Սիրիայում մահացած ազգությամբ հայ չորս մարդու մասին։ Մահացածներից երկուսը մայր և որդի էին։ Ընտանիքի հորն ու դստերը հաջողվել է հանել փլատակներից ու հիվանդանոց հասցնել։ Մյուս երկու զոհերի ինքնության մասին առայժմ տեղեկություն չկա։

Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժը հայազգի ամուսինների կյանքը խլեց, ավելի ուշ հիվանդանոցում մահացավ նրանց մանկահասակ երեխան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG