Մատչելիության հղումներ

Մահացել է Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Պերվեզ Մուշարաֆը


Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը, արխիվ:
Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը, արխիվ:

80 տարեկանում Դուբայում երկարատև հիվանդությունից մահացել է Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը:

Վերջին ժամանակաշրջանում նա վատառողջ լինելու կապակցությամբ գտնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայի մասնավոր հիվանդանոցներից մեկում:

Գեներալ Մուշարաֆը Պակիստանում իշխանությունը ստանձնել է 1999 թվականի հոկտեմբերին՝ զինվորականների կազմակերպած պետական հեղաշրջման միջոցով:

2001 թվականի հունիսին նա իրեն հռչակել է երկրի նախագահ՝ պահպանելով վարչապետի և զինվաժ ուժերի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի պաշտոնները:

2002 թվականին զինվորական վարչակարգը նրա նախագահությունը երկարաձգել է ևս 5 տարով:

2007 թվականի հոկտեմբերի 6-ին նա վերընտրվել է, բայց Գերագույն դատարանը չի հաստատել քվեարկության արդյունքները, և դա ներքաղաքական ճգնաժամ է առաջացրել: Նոյեմբերի 3-ին նա արտակարգ դրություն է սահմանել և հայտարարել է, որ Սահմանադրությունն ու քաղաքացիական ազատությունների մի շարք օրենքներ միառժամանակ չեն գործի:

Նույն տարվա նոյեմբերի 28-ին Մուշարաֆն ազատել է բանակի հրամանատարի պաշտոնը և որպես քաղաքացիական անձ՝ երդմնակալությամբ հռչակվել է նախագահ:

2008 թվականի փետրվարին Պակիստանում խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը:

Իմպիչմենտից խուսափելու համար Մուշարաֆը 2008 թվականի օգոստոսին հրաժարական է ներկայացրել և մեկնել է Լոնդոն, ինչից հետո բուժում ստանալու համար տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG