Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը և Մոսկվան հերքում են ԿՀՎ-ի տնօրենի` Մոսկվա գաղտնի այցի մասին լուրերը


Շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթի հրապարակման համաձայն` ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը անցած ամսին գաղտնի այցելել է Մոսկվա և առաջարկել, որ խաղաղության համար Ուկրաինան կզիջի իր տարածքի 20 տոկոսը։ Սակայն թե՛ Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան հերքել են այդ լուրը:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի մամուլի փոխխոսնակն ասել էր, որ դա իրականությանը չի համապատասխանում, այսօր այդ մասին հարց են տվել Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովին, որն ասել է, թե Բըրնսի այցի, առաջարկների մասին այդ լուրերը ամբողջովին կեղծ են։

Երկու կողմերի միջև շփումների, բանակցություններ մասին տևական ժամանակ որևէ լուր չկա։ Մոսկվան պնդում է իր պայմանները, որ բանակցությունների մեկնարկի համար պետք է ճանաչվեն առկա իրողությունները, ուկրաինական տարածքները Ռուսաստանին միացնելու Մոսկվայի ընդունած որոշումները։ Կիևն իր հերթին հայտարարել է, որ ռուսական ուժերը պետք է դուրս գան Ուկրաինայի ողջ տարածքից։

Վերլուծական կենտրոնների ուսումնասիրությունները հնարավոր են համարում, որ ծանր մարտերը դեռ առջևում են, կողմերը պատրաստվում են առաջիկա մարտական գործողություններին։ Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի այսօրվա ամփոփագիրը վկայակոչում է Ուկրաինայի հետախուզության տվյալները, ըստ որի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է մարտին գրավել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի ամբողջ տարածքները։

Ամերիկացի փորձագետները Լուգանսկի մարզում մոբայլ ինտերնետի անջատումը ենթադրաբար կապում են այդ պլանի հետ, քանի որ ինչպես ցույց է տալիս փորձը՝ այնտեղ բնակվող Ուկրաինայի քաղաքացիները ձեռքի հեռախոսներով կարողանում էին ռուսական ուժերի տեղաշարժեր արձանագրել ու ինֆորմացիա փոխանցել։ Փորձագետների կարծիքով Պուտինը դարձյալ գերագնահատում է ռուսական ուժերի հնարավորությունները։ Դոնեցկի մարզի 42 տոկոսը՝ 11 հազար 300 քառակուսի մետր տարածքը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ, և նրանց կարծիքով՝ այսօրվա դրությամբ ռուսական ուժերը ի վիճակի չեն այդքան մեծ տարածք գրավել։

Ռուսական ուժերի հնարավոր նոր հարձակումներին դիմակայելու համար Ուկրաինան ապավինում դաշնակիցների ռազմական օգնությանը, որոնք գանալով ավելի ժամանակից զենքեր են ընդգրկում։ Ամերիկյան մամուլի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի ռազմական օգնության ավելի քան երկու միլիարդ դոլարի նոր փաթեթով առաջին անգամ Ուկրաինային կտրամադրվեն մեծ հեռահարության հրթիռներ։

Եվրոպական դաշնակիցները ևս երկար քննարկումներից հետո համաձայնեցին Կիևին ժամանակից տանկեր տրամադրել;

Ոչ մի ագրեսիվ գործողություն անպատասխան չի մնա. Զելենսկի

Այս ֆոնին Կիևում այսօր մեկնարկել է Ուկրաինա-Եվրամիության գագաթաժողովը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր ժամանելով Կիև՝ Թվիթերում գրել է, որ իրենց վճռականությունն անսասան է, ինչպես նաև սատարում են Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության յուրաքանչյուր քայլը։

Անցած տարի Բրյուսելը Ուկրաինային շնորհել էր Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։

Վլադիմիր Զելեսնկին անցած գիշերվա տեսաուղերձում ասել է, որ Ռուսաստանից պաշտպանվելու համար Ուկրաինան կայուն և լիարժեք աջակցության կարիք ունի։ Նրա խոսքերով՝ հետագա ինտեգրումը կոգեշնչի ուկրաինացիներին, էներգիա ու մոտիվացիա կտա ցանկացած խոչընդոտների ու սպառնալիքների դեմ պայքարում։

Պատերազմական իրավիճակի մասին Զելենսկին ասել է՝ ոչ մի ագրեսիվ գործողություն անպատասխան չի մնա։ Թշնամին ռազմավարական պարտություն է կրել, բայց մարտավարական առումով դեռ ռեսուրսներ ունեն հարձակողական գործողությունների փորձերի համար։

Մինչ Ուկրաինան Եվրամիության հետ գագաթնաժողով է անցկացնում, Ռուսաստանի նախագահը նախօրեին Վոլգոգրադից հերթական սպառնալիքներ է հնչեցել Ուկրաինային և նրան աջակցող երկրների, մասնավորապես Գերմանիայի հասցեին։ Պուտինը Վոլգոգրադ էր գնացել մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում վճռական ու արյունալի դրվագներից մեկի՝ Ստալինգրադի համար հինգ ամիս տևած ճակատամարտում ռուսական զորքի հաղթանակի 80-րդ տարին նշելու միջոցառումներին մասնակցելու համար։

Չնայած Պուտինի սպառնալքիներին, Գերմանիայի կառավարությունը հավանություն տվեց Leopard 1 մոդելի 80 տանկ Ուկրաինային տրամադրելու որոշմանը։

Գերմանիան դիտարկում է նաև Քաթարից 15 «Գեպարդ» տանկերը հետ գնելու հնարավորությունը, որոնք Քաթարին վաճառվել էին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ անվտանգություն ապահովելու համար։

XS
SM
MD
LG