Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահը խորհրդարանում ներկայացրեց Կոսովոյի հարցի լուծման արևմտյան նախագիծը


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ելույթ է ունենում խորհրդարանում, Բելգրադ, 2-ը փետրվարի, 2023թ.
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ելույթ է ունենում խորհրդարանում, Բելգրադ, 2-ը փետրվարի, 2023թ.

«Եթե Բելգրադը մերժի Կոսովոյի հարցի լուծման արևմտյան նախագիծը, անխուսափելիորեն կհայտնվի մեկուսացման մեջ». - երեկ Սերբիայի խորհրդարանում նման հայտարարությամբ հանդես եկավ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Սերբիայի ղեկավարն ավելի քան մեկ ժամ շարունակ խորհրդարանականներին կետ առ կետ ներկայացնում էր հունվարին արևմտյան միջնորդների առաջարկած կարգավորման պլանը, որի անմիջական հեղինակներն են Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունները։ Դիմելով պատգամավորներին, Վուչիչն անկեղծորեն խոստովանում էր՝ «որևէ մեկին Բելգրադում ներկայացված փաստաթուղթը դուր չի գալիս», և դրա գրեթե բոլոր կետերը, նրա խոսքով, վտանգավոր են սերբերի համար։

«Անհամեմատ վտանգավոր է ներկայացված ծրագրի 4-րդ հոդվածը, որի համաձայն` Սերբիան չպետք է խոչընդոտի Կոսովոյի անդամակցությանը որևէ միջազգային կազմակերպության։ Իրականում, հակաճառենք մենք թե չէ, եթե որոշվի Կոսովոն ներգրավել Եվրոպայի խորհրդում, այդ հեռանկարի կողմնակիցները մեծամասնություն կունենան։ Նույնն է ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության դեպքում», - հայտարարում էր Վուչիչը, որի խոսքով՝ Բելգրադի համար կարմիր գիծ կարող է դառնալ երկրամասի անդամակցությունը ՄԱԿ-ին։

«Եթե քննարկումները հասնեն Կոսովոյի՝ ՄԱԿ-ին անդամակցելուն, ապա այդ դեպքում ամեն ինչ կավարտվի։ Մենք կապիտուլյացիան հանդուրժել չենք կարող», - ասում էր Վուչիչը, որի ելույթն, ի դեպ, մի քանի անգամ ընդհատվեց ընդդիմության պատգամավորների կողմից: Նրանք պարբերաբար փորձում էին մոտենալ ամբիոնին՝ նախագահին դավաճանության և Կոսովոն հանձնելու մեջ մեղադրելով։

Սերբիայի նախագահը բավական աննախանձելի վիճակում է։ Վուչիչը կամ պետք է ընդունի Կոսովոյից փաստացի հրաժարում ենթադրող արևմտյան նախագիծը՝ բախվելով ներքին ճգնաժամին, կամ էլ մերժի այն՝ հայտնվելով միասնական Արևմուտքի ճնշման տակ։ Այն, որ նման ճնշում կլինի, Վուչիչը 100 տոկոսով վստահ է։

«Արևմտյան պաշտոնյաները մեր խոսակցության երրորդ նախադասության մեջ արդեն ասացին՝ «Պարոն նախագահ, եթե այս նախագիծը որպես քննարկումների հիմք մերժվի, իսկ դրա իրագործումը՝ տապալվի, ապա դա կնշանակի՝ առաջին՝ Սերբիայի Եվրամիությանն անդամակցության գործընթացի սառեցում։ Երկրորդ՝ ոչ միայն Արևմուտքից սպասվող ներդրումները կչեղարկվեն, այլև արդեն իսկ կատարված բոլոր ներդրումները հետ կկանչվեն։ Եվ երրորդ՝ կիրագործվեն այնպիսի համալիր միջոցառումներ, որոնք ցույց կտան, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր ընդդիմանում են Եվրամիությանը», - դիմելով խորհրդարանականներին՝ հայտարարում էր Սերբիայի նախագահը։

XS
SM
MD
LG