Մատչելիության հղումներ

Եգիպտոսը չեզոք միջնորդություն է առաջարկում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում


Հայաստանի և Եգիպտոսի նախագահները այսօրվա հանդիպմանը քննարկել են երկկողմ օրակարգին, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին առնչվող հարցեր։

«Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է, և հայտնի է նաև, որ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք», - հանդիպման բաց հատվածում ասաց Վահագն Խաչատուրյանը:

Հանդիպումից հետո նախագահները հայտարարություններով հանդես եկան։

Վահագն Խաչատուրյանը Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի այցը պատմական որակեց, արդյունավետ գնահատեց կայացած բանակցությունները, նշեց, որ նրանք խոսել են երկու երկրների միջև այս տարիների ընթացքում ձևավորված համագործակցության մասին քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։ Ստորագրել են նաև մի շարք փաստաթղթեր, որոնք, ըստ Խաչատուրյանի, սկիզբ կդնեն նոր նախաձեռնությունների։

«Հանդիպմանն անդրադարձել ենք նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերին, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերին», - ասաց նա։

Եգիպտոսի նախագահն, իր հերթին, նշեց, որ Արաբական Հանրապետությունը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների և իր հերթին պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար:

«Եգիպտոսը մինչ օրս շարունակում է տարբեր տարածաշրջանային խնդիրների և կոնֆլիկտների ականատես լինել և պետք է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք, որ նախորդ դարի 70-ական թվականներից սկսած Եգիպտոսը գնաց խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվեց մի շարք խոչընդոտների…

Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք», - շեշտեց նա:

Պաշտոնական այցի շրջանակում Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպում կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Եգիպտոսի նախագահը երկօրյա այցով է Հայաստանում, ժամանել է երեկ՝ Ադրբեջանից։

XS
SM
MD
LG