Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը Լաչինի միջանցքի բացման հարցով Բաքվի հետ չբանակցելը սխալ մոտեցում է համարում


Լաչինի միջանցքի բացման հարցով Բաքվի հետ չբանակցելու Երևանի մոտեցումը Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը սխալ է համարում։

Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը՝ ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ Հայաստանը պարտավոր է միջամտել, ջանքեր գործադրել որպեսզի միջանցքը բացվի։ «Պետք է գոնե գնաս, իմանաս՝ ինչ է միջանցքը բացելու գինը», - ասաց Արթուր Խաչատրյանը։

Խաչատրյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պաշտոնական Երևանն արդեն որերորդ անգամ ասում է, որ չի բանակցելու այդ հարցով, սա ճի՞շտ մոտեցում չէ։

Խաչատրյան․ - Ո՛չ, դա շատ սխալ մոտեցում է, այսինքն՝ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացին, մի կողմ քաշվեցին, ասեցին՝ Ղարաբաղ և Ադրբեջան գնացեք, ինչ ուզում եք արեք։

«Ազատություն»․ - Եռակողմ հայտարարությունում առնվազն Լաչինի միջանցքի հետ կապ չունի Հայաստանն, ըստ փաստաթղթի։

Խաչատրյան․ - Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, պարտավոր է միջամտել, պարտավոր է ջանքեր գործադրել որպեսզի բացվի։

«Ազատություն»․ - Գործադրում է դիվանագիտական ջանքեր։

Խաչատրյան․ - Եվ ձախող, բայց ինքն ասում է՝ «մենք ոչ մի բան չենք անելու»։ Խոսքը չի գնում է Զիմբաբվեի մասին, խոսքը գնում է հայերի մասին։

«Ազատություն»․ - ՄԱԿ-ում նիստ հրավիրեցին, Եվրոպական խորհրդարանում և այլն, դիցուք գնում եք այդ բանակցություններին, Դուք ավելի վաղ էլ քննադատել էիք Միրզոյանին Մոսկվա չգնալու համար, և այնտեղ ասում են՝ «միջանցքը բացելու պայմանը սա է»։ Ինքնին էս շանտաժին ենթարկվել չէ՞։

Խաչատրյան․ - Պետք է գոնե գնաս, իմանաս՝ ինչ է միջանցքը բացելու գինը։ Հիմա տեսեք, մենք թեական՝ ենթադրությունների բնագավառում ենք՝ «իսկ եթե գնան, իսկ եթե սենց բան ասեն», պետք է գնաս և իմանաս՝ ինչու են տենց բան ասում, և բանակցությունը հենց նա է, որ բանակցությունը սկսում ես մի ասելով վերջացնում ես ուրիշ ասելով։ Բա դիվանագիտությունն ինչի՞ համար է։

«Ազատություն»․ - Եթե միջանցքը բացել-փակելն, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմին չի վերաբերում, ի՞նչ բանակցեն։

Խաչատրյան․ - Հայկական կողմը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, հարցը Արցախի ժողովրդի անվտանգությունն է։ Տեսեք Դուք ձեզ հակասում եք, բա եթե Հայաստանին չի վերաբերվում, Հայաստանն ինչո՞ւ է գնում ՆԱՏՕ-ում, կամ ԵԱՀԿ-ում, կամ ՄԱԿ-ում խոսում էդ թեմայի մասին, նույն տրամաբանությամբ ինքը խոսում է չէ էդ թեմայի մասին։ Բա, եթե էդ թեմայի մասին խոսում է Ստոլտենբերգի հետ և ճիշտ է անում, որ խոսում է, ինձ ճիշտ հասկացեք, բոլորի հետ պետք է խոսել, եթե խոսում են էս, էս, էս կողմի հետ միայն, ինչի՞ չեն խոսում շրջափակումը վերացնելու հնարավորություն ունեցող կողմի հետ։ Չի կպնում, հասկանում եք, տրամաբանությունը չի կպնում։

Արդեն 47 օր Ադրբեջանը փակ է պահում Արցախւժը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

Խաչատրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG