Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն քննադատել է իր ամերիկացի նախկին պաշտոնակից Փոմփեոյին


Մայք Փոմփեո և Մևլյութ Չավուշօղլու, արխիվ
Մայք Փոմփեո և Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն խստորեն քննադատել է Միացյալ Նահանգների նախկին պետական քարտուղար Մայք Փոմփեոյին, պնդելով, թե նրա նոր հրատարակված հուշերի գրքում աղավաղված է ներկայացվում Թուրքիայի քաղաքականությունը:

Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ Փոմփեոն այս գիրքը գրել է ԱՄՆ-ում առաջիկայում մեկնարկելիք նախըտրական արշավի կապակցությամբ:

«Դիվանագիտական լեզվով ասած՝ Փոմփեոյի գրքում տեղ գտած պնդումները ոչ մի կապ չունեն իրականության հետ, դուք կարող եք դրանք «ստեր» անվանել: Գրքում ակնհայտ երկակի չափանիշներ են և փաստերի ուռճացում», - այսօր Թայլանդի արտգործնախարար Դոն Պրամատվինամի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Մևլյութ Չավուշօղլուն:

Նա պնդել է, թե Փոմփեոն 2016 թվականի հուլիսի 15-ին՝ Թուրքիայում ձախողված հեղաշրջման օրը, իբր սատարել է խռովարարների հովանավոր կրոնական առաջնորդ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենին, ինչի մասին վկայում է Թվիթերում Փոմփեոյի տեղադրած, ապա հեռացված գրառումը:

Չավուշօղլուն քննադատել է գրքում Փոմփեոյի պնդումն այն մասին, որ թուրքական բանակը չի կարող ոչնչացնել ահաբեկիչներին, և հայտարարել, թե հենց Թուրքիայի բանակն է Սիրիայում «Իսլամական պետության» ավելի քան 4,5 հազար գրոհային ոչնչացրել:

«Ամբողջ աշխարհն է տեսել ՆԱՏՕ-ի` հզորությամբ երկրորդ բանակի ուժը, երբ այն Սիրիայի տարածքի 8 հազար քառակուսի կիլոմետրը մաքրել է «Իսլամական պետության» և YPG-ի [Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ] ահաբեկիչներից», - ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը նաև կշտամբել է ամերիկացիներին Սիրիայում քրդական ջոկատների հետ համագործակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG