Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի երկրները նաև հարձակողական սպառազինություն կտրամադրեն Ուկրաինային


Գերմանական արտադրության Leopard տանկը

Շաբաթներ շարունակված բուռն քննարկումներից հետո այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշեցին Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու համար Ուկրաինային տրամադրել նաև հարձակողական սպառազինություն։

Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ Կիև կուղարկի Leopard տանկեր։ Բացի դրանից, Բեռլինը թույլ կտա մյուս երկրներին ևս փոխանցել իրենց զինանոցում գտնվող գերմանական այդ տանկերը։

Այսօր ելույթ ունենալով խորհրդարանում կանցլեր Օլաֆ Շոլցը ընդգծել է, որ որոշումը կայացվել է դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո․ - «Մենք նաև Leopard 2 հիմնական մարտական տանկեր կտրամադրենք Ուկրաինային: Սա կրկին մեր դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ ինտենսիվ խորհրդակցության արդյունքում կայացված որոշում է: Եվ ես ուզում եմ հստակ ասել՝ ճիշտ է, որ մենք մեզ թույլ չտվեցինք շեղվել»։

Առնվազն 12 երկիր արդեն մտադրություն է հայտնել Կիևին Leopard-ներ մատակարարել։ Բացի դրանից, Ուկրաինան կստանա նաև այլ արևմտյան տանկեր, մասնավորապես՝ բրիտանական Challengers-ներ։

«Միասին մենք կապահովենք Ուկրաինայի հաղթանակն այս պատերազմում, ինչն ապահովում է կայուն խաղաղություն», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:

Ավելի վաղ Բեռլինը հայտարարել էր, թե իր Leopards-ները կուղարկի, եթե Վաշինգտոնը սեփական Abrams M1 տանկերն ուղարկելու որոշում կայացնի։ Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն, Վաշինգտոնը շուտով կհայտարարի այդ որոշման մասին։

Abrams-ները ուկրաինական բանակի ներուժը չեն մեծացնի. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն սպառնացել է, թե ռուսական ուժերը կոչնչացնեն այդ տանկերը, ինչպես ոչնչացրել են արևմտյան այլ սպառազինությունը՝ հավելելով, թե ուկրաինական բանակին Abrams-ները չեն օգնի. - «Համոզված եմ, որ շատ փորձագետներ նույնպես հասկանում են այս գաղափարի անհեթեթությունը։ Պարզապես նման պլանը տեխնոլոգիական առումով բավականին ձախողված է, և ամենակարևորը Abrams-ների օգտակարության գերագնահատում է, դրանք ուկրաինական բանակի ներուժը չեն մեծացնի»։

Մինչ գերմանական և ամերիկյան տանկերը դեռ չեն հասել Ուկրաինա, ռուսական տանկերը առաջ են գնում Բախմոտի ուղղությամբ։ Ռուսական կողմը հայտնում է, որ Վագներ մասնավոր ընեկրության վարձկաններն արդեն Բախմուտի արվարձաններում են։ Ուկրաինական կողմն այսօր պաշտոնապես հաստատեց, որ ռուսները գրավել են Բախմուտից տասը կիլոմետր հեռու գտնվող Սոլեդար քաղաքը։

Ռուսները պատերազմը կանգնեցնելու որևէ մտադրություն չունեն, հայտարարում են Արևմուտքում։ Ավելին, Ռուսաստանի նախագահն այսօր ասել է, թե «հատուկ գործողության» նպատակը «պատմական Ռուսաստանում ապրող մարդկանց պաշտպանելն է»․ - «Նպատակը, ինչպես բազմիցս ասել եմ, առաջին հերթին մարդկանց պաշտպանությունն է, և առաջին հերթին՝ Ռուսաստանի պաշտպանությունն այն սպառնալիքներից, որոնք նրանք փորձում են ստեղծել մեր հարակից մեր իսկ պատմական տարածքում»։

Ուկրաինայի ապագայի շուրջ քննարկումները չեն դադարում

Թեև պատրեազմի ավարտը դեռ չի երևում, և կողմերը հայտարարում են, թե այսօր չկան պայմաններ բանակցությունները վերսկսելու համար, Ուկրաինայի ապագայի շուրջ քննարկումները չեն դադարում։

Washington Post-ը գրում է, թե Միացյալ Նահանգները հակված է հավատալ, որ ապագայում Ուկրաինայի անվտանգությունը լավագույնս կապահովի ոչ թե ՆԱՏՕ-ին նրա անդամակցությունը կամ դաշնակիցների հետ նման համաձայնագիրը, այլ Ռուսաստանին զսպելու ունակ հզոր բանակը:

Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա Washington Post-ի վերլուծաբան Դեյվիդ Իգնաթիուսի պնդմամբ՝ և՛ Վաշինգտոնը, և՛ Կիևը կարծում են, որ դժվար թե հնարավոր լինի թերակղզին վերադարձնել ուժով. - «Ղրիմի թերակղզին գրավելու լայնածավալ արշավն իրատեսական չէ, ըստ ԱՄՆ-ի և Ուկրաինայի շատ պաշտոնյաների: Մասամբ այն պատճառով, որ Պուտինը ակնարկել է․ Ղրիմի վրա հարձակումը կարող է միջուկային էսկալացիայի խթան հանդիսանալ»։

Նրա խոսքով, Բայդենի վարչակազմը համաձայն է ուկրաինացիների հետ, որ Ղրիմը պետք է վերադարձվի, բայց կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայի համար ավելի կարևոր է, որ այն գոնե դադարի հարձակումների հենակետ լինել։

Հրապարակավ Կիևը հայտատարում է, թե պատերազմը կարող է ավարտվել միայն այն ժամանակ, երբ ռուսները դուրս գան Ուկրաինայի ողջ տարածքից, այդ թվում 2014-ին բռնակցված Ղրիմից։

XS
SM
MD
LG