Մատչելիության հղումներ

Տոյվո Կլաարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության անհրաժեշտությունը


Հայաստանի վարչապետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը:

ԱԽ քարտուղարի գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` «միտված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն և արցախահայության էթնիկ զտումը կանխելուն»:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ավելի ուշ նրան ընդունել է նաև Նիկոլ Փաշինյանը, նշել, որ դրա հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանում ու սրվում, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, առողջապահական հիմնարկներն ունեն դեղորայքի խիստ պակաս և կանգնած են լրջագույն խնդիրների առաջ: Բացի այդ, Ադրբեջանի կողմից դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, առկա է նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր, հայտնում են կառավարությունից:

Կլաարն, իր հերթին, մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ և ընդգծել միջանցքի անխափան գործունեության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ԵՄ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ և շարունակելու է նպաստել այդ խնդրի լուծմանը:

Կարևորվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ընդունված որոշումը:

Ավելի վաղ Կլաարը հանդիպել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Տոյվո Կլաարը Երևան է ժամանել այսօր՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ արդեն 43 օր: Ադրբեջանական կողմը երեկվանից կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ջեռուցման բացակայության պատճառով չեն գործում Արցախի բոլոր դպրոցները, շուրջ 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից: Արցախում կտրոններով են ապրանքներ տրամադրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG