Մատչելիության հղումներ

Բաքուն վերահսկողության մեխանիզմ է պահանջում Լաչինում, Ստեփանակերտը՝ արձագանքում


Լաչին

Բաքվից հաստատում են, որ Ադրբեջանն անցած շաբաթ Արցախի իշխանություններին առաջարկությունների փաթեթ է ներկայացրել, որոնք, սակայն, ընդունելի չեն եղել Ստեփանակերտի համար: Այդ մասին «Ազատության» ադրբեջանական ծաայությանն ասել է փորձագետ Ֆարիդ Շաֆիևը, ով գլխավորում է Ադրբեջանի նախագահի հրամանագրով Բաքվում հիմնադրված Միջազգային հարաբերությունների վելուծության կենտրոնը:

Ըստ Շաֆիևի, Բաքուն պահանջել է, որ Արցախում հանքերի շահագործումը դադարեցվի, և վերահսկողության մեխանիզմ ստեղծվի Լաչինի միջանցքով բեռների փոխադրման համար:

«Մենք ապացույցներ ունենք, որ ականներ են տեղափոխվել մեր տարածք, և Լաչինի ճանապարհը օգտագործվել է ոչ մարդասիրական նպատակներով: Նախ և առաջ խոսքը հայ զինծառայողների մասին է, որոնք երբեմն երթևեկում են քաղաքացիական հագուստներով, քաղաքացիական մեքենաներով ու ռազմամթերք տեղափոխում: Արևմտյան երկրները հաճախ են մեզ ասում, թե մենք պարտավորություններ ունենք: Այո, ունենք, բայց մյուս կողմից էլ այդ ճանապարհը պետք է ըստ նշանակության օգտագործվի», - ասել է նա:

Այն, որ Բաքուն առարկություններ ունի այս հարցում, անցած շաբաթ նաև Ռուսաստանի արտգործնախարարն էր ասել ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո:

«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել։ Հիմա մեր զինվորականները ուսումնասիրում են այդ տվյալները», - հայտարարել էր Լավրովը`որևէ խոսք չասելով ճանապարհի փակման գլխավոր փաստարկ ներկայացվող էկոակտիվիզմի մասին:

Ու մինչ Բաքուն վերահսկողության մեխանիզմ է պահանջում, Լավրովն ընդգծել էր`ռուս խաղաղապահներն իրե՛նք շարժը վերահսկելու բոլոր լծակներն ունեն:

«Մենք շատ պարզ բան ենք առաջարկել․ խաղաղապահ առաքելությունը, որը Ռուսաստանն ուղարկել է, եռակողմ հայտարարության համաձայն՝ օժտված է շարժը վերահսկելու լիազորություններով։ Եվ այդ առաքելությունն ունի բոլոր հնարավորությունները ստուգելու՝ արդյոք տրանսպորտային միջոցներում արգելված, ոչ հումանիտար ու քաղաքացիական նշանակության իրեր կան», - նշել էր ՌԴ արտգործնախարարը։

«Մենք Ադրբեջանի կազմում մնալու որևէ հնարավորություն չենք տեսնում». Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանցի փորձագետը նշել է, որ իր տեղեկություններով բանակցությունները արդյունք չեն տվել, պնդել, թե դա տեղի է ունեցել պետնախարար Ռուբեն Վարդանյանի ազդեցության պատճառով` առանց որևէ փաստ ներկայացնելու: Ինքը`Վարդանյանը, նախօրեին BBC-ի Hard Talk-ին տված հացազրույցում ասել է`Ստեփանակերտը պատրաստ է բանակցությունների:

«Մենք պատրաստ ենք ցանկացած բանակցության, եթե ադրբեջանական կողմից լինի ընկալում, որ սա բանակցություն է երկու կողմի միջև: Մենք անկախության առաջին օրից կրկնում ենք, որ հասկանում ենք և ակնկալում ենք, որ կապրենք կողք կողքի, բայց առանձին տարածքով, առանձին պետություններով ու օրենքներով», - ընդգծել է նախարարը:

Բրիտանացի լրագրողը փաստել է, թե հիմա անգամ պաշտոնական Երևանն է հրաժարվել պայքարել Ղարաբաղի անկախության կամ Հայաստանին միավորելու համար, հավելելով`2020-ի պատերազմից հետո թվում է, թե Արցախի հայերի համար իրատեսական է մնում երկու տարբերակ` կա՛մ բանակցել Ալիևի վարչակազմի հետ և որևէ լուծում գտնել, կա՛մ որոշել, որ այս վիճակն այլևս կայուն չէ և թողնել֊հեռանալ:

«Հայաստանի իշխանություններն ասում են` խնդիրը հիմա Ղարաբաղի հայերի իրավունքների երաշխավորումն է, ինչը երկարաժամկետ կտրվածքով նշանակում է, որ դուք լինելու եք Ադրբեջանի ինքնիշխան պետության մի մաս. ընդունո՞ւմ եք դա», հարցին Վարդանյանն արձագանքել է. «Մենք Ադրբեջանի կազմում մնալու որևէ հնարավորություն չենք տեսնում»:

«Արցախի ժողովուրդը 1988-ին որոշել է, որ չի ուզում լինել Ադրբեջանի մաս: Նրանք պայքարել են իրենց ազատության համար և ամեն ինչ արել իրավական ճանապարհով: Եվ մենք հիմա շատ հստակ հարց ենք տալիս աշխարհին`մենք ինքնորոշման իրավունք չունե՞նք, հատկապես մի երկրում, որը ոտնահարում է իր իսկ ժողովրդի բոլոր հիմնարար իրավունքները: Ինչպես մենք կարող ենք ապրել մի երկրում, որտեղ Ադրբեջանի Հանրապետության գոյության 104 տարիների ընթացքում արդեն 44 տարի միևնույն ընտանիքն է իշխում», - հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:

Նա պնդել է, թե հստակ ազդակներ կան Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, որ նրանց համոզմամբ ևս ղարաբաղյան հարցը փակված չէ:

Բաքուն տրամագծորեն հակառակն է ասում: Մեկ շաբաթ առաջ Ստեփանակերտի և Բաքվի միջր կայացած հանդիպումից հետո Արցախի նախագահականը հայտարարել էր, թե կողմերը համաձայնության չեն եկել: Հանդիպման օրակարգի ու քննարկումների մասին, սակայն, պաշտոնյաները հրապարակավ չեն խոսել: Նոր հանդիպման հնարավորության մասին ևս դեռ չի հաղորդվել:

XS
SM
MD
LG