Մատչելիության հղումներ

Արցախում առողջապահական հիմնարկների 70 տոկոսը կանգնած է ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ․ զեկույց


Արցախի հիվանդանոցներից մեկը, արխիվ

Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են ուսումնական աշխատանքները ջեռուցման բացակայության պատճառով, ինչը հանգեցրել է 20 հազարից ավելի երեխաների կրթության իրավունքի խախտմանը․ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը զեկույց է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Հումանիտար ծանրագույն իրավիճակը ազդել է նաև առողջապահական համակարգի բնականոն գործունեության վրա, զեկույցում նշել է Պաշտպանը՝ շեշտելով՝ առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70 տոկոսը, որոնք ջեռուցվում են գազի կիրառմամբ, կագնած են ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ։ Դրանցում, ըստ Ստեփանյանի, այս պահի դրությամբ ստացիոնար բուժօգնություն է ստանում 156 հիվանդ, այդ թվում՝ 45 երեխա։

Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները դադարեցված են։ Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ այսօրվա դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում 12 երեխաներ նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում են, «Հանրապետական բժշկական կենտրոնում» 11 բուժառուներ վերակենդանացման բաժանմունքում են, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Շաբաթ օրը Արցախը հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Շրջափակման ընթացքում՝ դեկտեմբերի 12-ից ի վեր, Արցախում սա գազամատակարարման չորրորդ խափանումն է։ Հունվարի 9-ից էլ վթարված է Հայաստանից մտնող հոսանքի գիծը, ըստ Ստեփանակերտի, ադրբեջանական կողմը չի թողնում այն վերանորոգել։ Արցախում հունվարի 21-ից հովհարային անջատումների նոր ռեժիմ է սահմանվել։

Պաշտպանը զեկույցում նշել է, որ գազամատակարարման խափանումների հետևանքով մեծ կորուստներ են ունենում նաև տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկություններ՝ շեշտելով նաև, որ գազամատակարարման խափանումների և էլեկտրաէրեգիայի սահմանափակ հնարավորության պայմաններում, տների ջեռուցման և այլ կենսական պայմանների ապահովման համար նկատվում է բնակչության կողմից փայտանյութի օգտագործման ծավալների մեծացում, ինչը նշանակում է, որ առանց այն էլ սահմանափակ անտառային ֆոնդը լուրջ կորուստներ է ունենալու։

Լաչինի միջանցքը արդեն 43 օր շարունակում է փակ մնալ: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր հայտարարել է, որ ժամանում է Երևան՝ ստեղծված իրավիճակը քննարկելու։ «Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջընթացի համար ճանապարհ գտնելու», - նշել է Կլաարը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG