Մատչելիության հղումներ

Բաքուն աջ ու ձախ դատապարտում է Լաչինի ճանապարհի վերաբերյալ Եվրոպայի բանաձևերն ու հայտարարությունները


Ադրբեջանի խորհրդարանը, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը Լաչինի միջանցքում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Միլի մեջլիսը բանաձևը գնահատել է «կողմնակալ և անարդար», որի հեղինակները «անընդունակ են հեռանալ երկակի ստանդարտների քաղաքականությունից»։

Նախօրեին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ բացել Լաչինի ճանապարը, ապահովել հիմնական ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժը։ Բանաձևը նաև դատապարտեց ռուս խաղաղապահների անգործությունը՝ հարկ համարելով դիտարկել նրանց փոխարինումը ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով։

Ադրբեջանցի պատգամավորները Հայաստանին են մեղադրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ, պնդելով, որ «Ղարաբաղից բոլոր զորքերը դուրս չեն բերվել», Ադրբեջանի արևմտյան շրջաններն ու Նախիջևանը կապող անվտանգ ճանապարհային ուղի ապահովելու պարտավորությունը չի կատարվել, իսկ Հայաստանում որոշ շրջանակներ ու նրանց պաշտպանող ուժեր «շարունակում են ապրել տարածաշրջանը աղետալի հորձանուտի մեջ ներքաշելու երազանքով»։

Միլի մեջլիսի պատգամավորները իրենց երկարաշունչ հայտարարության ավարտին Եվրախորհրդարանի ղեկավարությանը կոչ են անում կանգնեցնել «ապակառուցողական, կողմնակալ և կոռումպացված ուժերին», աջակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին՝ օբյեկտիվ փաստաթղթեր ընդունելով, որոնք կարտացոլեն Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունները:

Եվրախորհրդարանի բանաձևերը պարտադիր կատարման ուժ չունեն, դրանք խորհրդատվական բնույթ են կրում, բայց եվրոպական մարմիններում եղանակ են ձևավորում, կարող են ընկնել որոշումների հիմքում։

Հայտարարությամբ հանդես եկավ նաև Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի նախագահ, Իսլանդիայի արտգործնախարար Թեորդիս Գիլֆադոտիրը՝ մտահոգություն հայտնելով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախի ժողովրդի հետզհետե ավելի ծանրացող հումանիտար իրավիճակով։ Նա կոչ է արել անհապաղ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար՝ կողմերին հորդորելով մտահոգությունները կարգավորել երկխոսության միջոցով։

Ադրբեջանի արտգործնախարարությունը, իսկույն պատասխանելով Եվրոպական խորհրդի նախարարական կոմիտեի ղեկավարին, նրան կոչ է արել անկողմնակալ լինել և զերծ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են խաթարել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։

«Ադրբեջանի տարածքում անօրինական տնտեսական և ռազմական գործողությունների դեմ բողոքի ակցիաները Ադրբեջանի քաղաքացիների իարվունքն են, և դրան պետք է հարգանքով վերաբերվել»,- հայտարարել է Բաքուն՝ անհիմն համարելով Լաչինի ճանպարհը փակելու և հումանիտար աղետի պնդումենրը։

Պատասխան հայտարարությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնում է, որ այս ժամանակահատվածում ռուսական խաղաղապահ զորակազմի ու Միջազգային կարմիր խաչի մոտավորապես 800 մեքենա է անցել ճանապարհով։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի նախագահին մեղադրել է երկակի ստանդարտների և ընտրողաբար մոտեցում կիրառելու մեջ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG