Մատչելիության հղումներ

«Ալմաստի» կատարմամբ Երևանի օպերային թատրոնը կնշի իր հիմնադրման 90-ամյակը


Ճիշտ 90 տարի առաջ այս օրը՝ 1933 թվականի հունվարի 20-ին Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը։

Ի նշանավորումն այդ իրադարձության, այսօր երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին կրկին կներկայացվի «Ալմաստ» օպերան, որը երաժշտագետների և արվեստաբաանների գնահատմամբ՝ հայկական օպերային արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկն է։

Այսօր երեկոյան օպերան կհնչի դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Ալմաստի դերերգը կկատարի Նարինե Անանիկյանը։ Նա այս դերերգով առաջին անգամ հանդես է եկել 2009 թվականին։

Ուշագրավ է, որ Ալեքսանդր Սպենդիարյանը այս 4 գործողությամբ օպերայի վրա աշխատել է մինչև իր կյանքի վերջը, մինչև1928 թվականը։ Օպերայի լիբրետոն Թումանյանի «Թնկաբերդի առումը» պոեմի հիման վրա գրել է Սոֆյա Պառնոկը ռուսերեն 1917-1918 թվականներին, իսկ հետագայում 30-ականների սկզբներին Տիգրան Հախումյանը օպերայի լիբրետոն թարգմանել է հայերեն՝ այն նաև Հայաստանում բեմադրելու հնարավորություն ստեղծելով։

«Ալմաստ» օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1930 թվականին Մոսկվայի Մեծ թատրոնում, որտեղ էլ այն տասնամյակներ շարունակ՝ մինչև 1983 թվականը ներկայացվել է որպես խաղացանկային ներկայացում ռուս լավագույն օպերային երգիչների կատարմամբ։

Իսկ մինչ Հայաստանի օպերային թատրոնի բացումը «Ալմաստ» օպերան ներկայացվել է նաև Օդեսայում, Թբիլիսիիում և այլ քաղաքներում։

«Ազատության» հետ զրույցում օպերային թատրոնի երկարամյա աշխատակից, թատրոնի թատերական բաժնի ղեկավար Ռուբեն Նուրիջանյանն ասաց. - «Ինքը ներկայացվել է բազում օպերային թատրոններում և, անշուշտ, ունեցել է հաջողություն։ Քանի որ Սպենդիարյանը սովորել էր Ռուսաստանում, կրթությունը ստացել էր այնտեղ, ինքը արդեն ճանաչված կոմպոզիտոր է եղել։ Նա ստեղծագործել է հիմնականում ռուսերեն լեզվով, ուկրաիներեն լեզվով, և այս օպերային ստեղծագործությունը նոր խոսք էր, սա նոր բարձրություն էր օպերային արվեստում»։

Հավելենք, որ «Ալմաստը» ոչ միայն բեմադրվել է նախկին խորհրդային տարբեր քաղաքներում ժամանակի անվանի ռեժիսորների և դիրիժորների կողմից, այլև ներկայացվել է նաև Փարիզում 1951 թվականին։

Մեր օպերային թատրոնում, Նուրիջանյանի փոխանցմամբ, այն մի մի շարք բեմադրություններ է ունեցել. - «Ես կարող եմ նշել, հիացմունքս արտահայտել անպայման Վահագն Բագրատունու բեմադրության հետ կապված։ Այն ժամանակ նոր էի ես եկել թատրոն, մասնակցել եմ և տեսել եմ, թե դա ինչ բեմադրություն էր։ Ինձ շատ-շատ է դուր եկել, և հանդիսատեսին էլ։ Ես ափսոսում եմ, որ այդ բեմադրությունը դուրս եկավ։ Այսօրվա բեմադրության ռեժիսորը մեր հայրենակիցն էր, էդ ժամանակ ինքը Պերմի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորն էր։ Իսկ հետո իրան հրավիրեցին մեզ մոտ։ Գեորգի Իսահակյան։ Հրավիրեցին այստեղ բեմադրելու։ Իսկ նկարիչն էր Վյաչեսլավ Օկունևը։ 2009 թվականին էր։ Օրինակ, Նադիրի դերակատարը մեր ժամանակներում կատարում էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը։ Այսօր երիտասարդ երգիչներն են արդեն կատարելու, Հայկ Տիգրանյանն է հանդես գալու Նադիրի դերում։ Ալմաստը Նարինե Անանիկյանն է, Աշուղը առաջին անգամ երգելու է Տիգրան Մելքոնյանը՝ շատ խոստումնալից երիտասարդ, Շեյխի դերով Հայկ Թոնգուրյանն է»։

Ռուբեն Նուրիջանյանը վստահ է, որ այսօր երկոյան «Ալմաստի» բեմադրությունը չի կարող անտարբեր թողնել մեր հանդիսատեսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG