Մատչելիության հղումներ

Արցախում իշխանության համար լուրջ պայքար է. Տիգրան Գրիգորյան


«Ազատությունը» զրուցել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ։

«Ազատություն». - Ռուբեն Վարդանյանի գործոնը ինչո՞ւ է այսչափ կարևորվում։ Ի՞նչ խնդիր է տեսնում Ադրբեջանը։

Գրիգորյան. - Բաքվում ևս կա ընկալում, որ Ռուբեն Վարդանյանին Մոսկվայից են ուղարկել և փորձում են ինչ-որ գործողություններ իրականացնել, որոնք չեն բխում Ադրբեջանի շահերից։ Կարևոր չէ այդ պնդումը համապատասխանո՞ւմ է իրականության, թե՞ չի համապատասխանում։ Իմ կարծիքով՝ չէ, այստեղ ես ռուսական հետք չեմ տեսնում։ Բայց կարևոր դա չի, կարևորն այն է, որ այդ ընկալումը կա, և այդ ընկալման հիման վրա են այդ բոլոր հայտարարությունները արվում։ Եվ երկրորդ խնդիրը, կարծում եմ, նաև այն է, որ այնուամենայնիվ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտությունը տեղավորել Արևմուտք - Ռուսաստան դիմակայության հարթության մեջ, փորձում է Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը ներկայացնել որպես պրոռուսական տարածք, պրոռուսական խաղացող և այդ նարատիվի զարգացման միջոցով արդարացնել սեփական գործողությունները նույն Լեռնային Ղարաբաղում։ Նշել, որ, օրինակ, պայքարում ենք ռուսական ազդեցության դեմ Հարավային Կովկասում, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի դեմ ինչ-որ ոտնձգություններ իրականացնել, և մենք ստիպված, օրինակ, ճանապարհ ենք փակում, կամ ռազմական էսկալացիայի ենք դիմում։

«Ազատություն». - Էդ ինչպես է, որ Վարդանյանի թիկունքում Ռուսաստանը չէ։ Նա իր կարողությունը այդ երկրում է կուտակել, որտեղ հայտնի է ինչ խաղի կանոններ են։

Գրիգորյան. - Ռուսաստանում կա օլիգարխների շրջանակ, որոնց անվանում են քաղաքական շրջանակ, այսինքն՝ Կրեմլին մերձ շրջանակ։ Եթե հետևեք արևմտյան տարբեր վերլուծաբաններին, որոնք զբաղվում են Ռուսաստանով, Վարդանյանը երբեք այդ քաղաքական շրջանակի մեջ չի եղել։ Կարծում եմ, իր գործունեության շրջանում ինքը իհարկե կապեր ունեցել է Ռուսաստանի իշխանությունների հետ, միգուցե ինչ-որ նաև սպասարկել է նրանց շահերը, բայց առնվազն այդ շրջանակի մեջ չի եղել։ Տարբեր արդեն հրապարակումներ էլ են եղել մամուլում, ռուսական կողմը ևս տարբեր հանդիպումների ընթացքում զարմանք է արտահայտել, թե ինչու, օրինակ, Ռուբեն Վարդանյանին նշանակել են Արցախում նման պաշտոնի։ Եվ երկրորդ փաստարկը, որը ես կբերեմ, այն է, որ Ռուբեն Վարդանյանը այն, ինչ անում է հիմա Արցախում, չի բխում Ռուսաստանի շահերից։ Օրինակ, Ռուսաստանը ևս հետաքրքրված է, որ ադրբեջանցիները կարողանան այցելել այդ հանքեր մշտական հիմքի վրա, բայց Վարդանյանը փաստորեն դեմ է այդ օրակարգին։ Եթե դեմ չլիներ, արդեն այդ ճանապարհը բացված կլիներ։ Եվ ընդհանրապես, կարող եմ նշել, որ խաղաղապահների հետ այդքան էլ լավ հարաբերություններ հիմա չունի։ Պատճառներից մեկը տարբեր հրապարակային հայտարարություններն են։ Ոչ այն հայտարարությունը, որ արվեց այդ հայտնի հեռուստաեթերի ընթացքում, բայց իր ուղիղ եթերների ընթացքում մի քանի հայտարարություններ է արել, որոնք այնքան էլ լավ չեն ընդունվել նույն խաղաղապահ առաքելության հրամանատարության կողմից։

«Ազատություն». - Թեկուզ այն, որ զարտուղի ելումուտ կա... Կարծես Արցախում փորձում էին ազատվել նրանից...

Գրիգորյան. - Այո, Արցախում հիմա ներքաղաքական լուրջ պայքար է գնում, ներքաղաքական ճգնաժամ է ստեղծվել։ Կարծում եմ, հիմնական խաղացողները նախագահ Արայիկ Հարությունյանն ու հենց պետնախարար Ռուբեն Վարդանյանն են, և հունվարի 14-15-ին տեղի ունեցած իրադարձությունները հենց իշխանական լծակների, կամ իշխանության համար պայքարի դրսևորումներ էին։ Հայաստանում շատ են տարբեր աշխարհաքաղաքական բնույթի վերլուծությունները, բայց այնտեղ հենց այդ պայքարն է ընթանում։ Հարությունյանը կարծես թե փորձում էր պաշտոնից ազատել Վարդանյանին, բայց տարբեր գործողությունների արդյունքում դա դեռևս տեղի չի ունեցել։ Բայց ճգնաժամը դեռ հանգուցալուծված չէ, և պայքարը շարունակվում է։

«Ազատություն». - Բայց դա ի՞նչ բարդ բան է, Հարությունյանի ստորագրությամբ նա կարող է ազատվել, նշանակովի պաշտոն է։

Գրիգորյան. - Դե այդ լուրերի ի հայտ գալուց հետո բավականին լուրջ տեղեկատվական գրոհ եղավ Վարդանյանի Փի-Ար թիմի կողմից։ Եթե հիշում եք, թերթերից մեկը հրապարակում կատարեց, որտեղ նշվում էր, որ Վարդանյանի պաշտոնից ազատելը պահանջում է Ադրբեջանը, և նույնիսկ Երևանը։ Եվ նույնիսկ նշեցին, որ այն գործիչը, ում ցանկանում են նշանակել պետնախարարի պաշտոնում, ադրբեջանական գործակալ է և այլն։ Այսինքն՝ հստակ ինֆորմացիոն պայքար է գնում նաև ինֆորմացիոն դաշտում։ Եվ երևի Հարությունյանը զերծ մնաց այդ ալիքի վրա ինչ-որ կտրուկ գործողությունների դիմել։ Բայց նույն Վարդանյանի թիմակիցների մտերիմներից մեկը ազատվել է կարևոր պաշտոններից մեկից։

«Ազատություն». - Պարբերաբար եթեր մտնել, ասել, որ պայքարելու ենք, դիմադրելու ենք՝ չունենալով ծրագիր, թե էդ ինչպես, ոնց, երբ դու շրջափակման մեջ ես։

Գրիգորյան. - Երբ նախորդ անգամ Արցախում գազը անջատել էին ադրբեջանցիները և մի քանի օր հետո վերականգնել էին, Վարդանյանը ուղիղ եթեր մտավ և դա ինչ-որ մեծ հաղթանակ որպես ներկայացրեց՝ հասկանալով, որ գազամուղի նկատմամբ վերահսկողությունը շարունակում է Ադրբեջանի տակ գտնվել։ Այսինքն՝ քաղաքական-դիվանագիտական մոտեցում չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG