Մատչելիության հղումներ

Գազի խափանման պատճառով Արցախում հոսանքի անջատումները կարող են 4 ժամից ավելի տևել


Արցախը շրջափակման մեջ

Գազի խափանման պատճառով Արցախում հոսանքի գրաֆիկով նախատեսված անջատումները կարող են 4 ժամից ավելի տևել։ «Արցախէներգո»-ի փոխտնօրեն Տիգրան Գաբրիելյանն ասում է՝ առանց այն էլ սահմանափակ հզորությամբ գործող համակարգում ծանրաբեռնվածությունը զգալի ավելացել է։ Քաղաղացիներից շատերը հիմա տունը տաքացնելու համար ստիպված են հոսանք օգտագործում:

«Այս պահին՝ այսօրվա դրությամբ դեռևս փոփոխություն չենք արել, բայց չի բացառվում, որ կարող է նաև փոփոխություն լինի այդ առումով», - նշեց նա:

Այսօր առավոտյան Ստեփանակերտից հայտնեցին՝ Ադրբեջանը կրկին փակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարը, ընդ որում վերջին 24 ժամվա ընթացքում արդեն երկրորդ անգամ։

Արցախի կառավարությունը երեկ էր հայտնել գազի անջատման մասին։ 6 ժամյա դադարից հետո գազամատակարարումը, սակայն, վերականգնվել էր. արդյոք բանակցությունների՞ շնորհիվ, պաշտոնապես այդպես էլ չհստակեցվեց։

Տիգրան Գաբրիելյանն ասում է՝ հոսանքի սպառման ավելացման պայմաններում անխուսափելի են նաև վթարները. «Հատկապես պիկ ժամերին բավականին ծանրաբեռնված է համակարգը լինում։ Իհարկե, վթարները կարող են տևական լինել, բայց մենք աշխատում ենք շուրջօրյա ռեժիմով և հնարավորինս կարճ ժամկետով աշխատում ենք վթարները վերացնել», - նշեց նա։

Համակարգը ծանրաբեռնված էր նաև դեկտեմբերին, երբ Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակման հաջորդ իսկ օրը 3 օրով փակեց Արցախ մտնող գազատարը։ «Արցախէներգո»-ի փոխտնօրենն ասում է՝ այն ժամանակ, ի տարբերություն այսօրվա, տեղական հոսանքից բացի, Հայաստանից էր նաև մատակարարվում, անգամ այդ ընթացքում վթարներներ էին լինում:

«Այն ժամանակ ևս ծանրաբեռնված էր համակարգը, սակայն այն ժամանակ մենք ունեինք Հայաստանից եկող բարձրավոլտ օդային համակարգը, և բնականաբար անհամեմատ ավելի թեթև էր իրավիճակը, չնայած իհարկե, վթարներ կային, բայց մենք հնարավոր հավանական վթարներին նախապատրաստվել էինք», - շեշտեց նա:

Հայաստանից Արցախ մտնող միակ հոսանքի գիծը վթարվել է հունվարի 9-ին: Այն, ըստ «Արցաէներգո»-ի, ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղավնո-Բերձոր հատվածում է։

38 օր է՝ Արցախ սննդամթերք, դեղ ու այլ անհրաժեշտ ապրանքներ չեն մատակարարվում։ Այսօրվանից կտորններ են բաժանվում քաղաքացիներին։ Արդեն շաբաթավերջից մարդիկ այդ կտրոններով մեկ անձի համար մեկ լիտր ձեթ, մեկական կիլոգրամ բրինձ, մակարոն, հնդկաձավար ու շաքարավազ կարող են գնել մեկ ամսվա համար։

Անցած մեկ ամսվա ընթացքում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ անցնում են միայն ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաները։ Այսօր կազմակերպության միջոցով Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս վեց հիվանդ։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 36 հիվանդ, այդ թվում՝ երկու օտարերկրացի։

Արցախից նաև ռուս խաղաղապահների միջոցով են օտարերկրացիներ դուրս եկել, երեկ պետնախարարը հայտնեց, որ կազմակերպել են շրջափակված Արցախում մնացած օտարերկրացիների մի մասի վերադարձը հայրենիք։ Այսօր ռուս խաղաղապահների ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքը հաղորդեց՝ տարհանվել են Ռուսաստանի Դաշնության 63 քաղաքացիներ, այդ թվում՝ 14 երեխա, որոնք Արցախ էին եկել Ամանորի տոների համար։

XS
SM
MD
LG