Մինչև Գլխավոր դատախազությունը ընդամենը փոխանցում է, որ Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության կարճված գործը վերաբացել են, Ռուբեն Վարդազարյանը որոշ մանրամասներ է փոխանցում։
Ըստ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահի՝ դատախազությունը գործը վերաբացելու որոշում է կայացրել այն պատճառաբանությամբ, թե այն ի սկզբանե պետք է քններ Հակակոռուպցիոն կոմիտեն, ոչ թե՝ Քննչական կոմիտեն։ Թե ինչու, պարզ չէ։
«Մի վեց ամիս էլ Հակակոռուպցիոն կոմիտեն կքննի այս գործը, հետո կտեսնենք՝ կամ կանենք այդ քննչական գործողությունները, կամ չենք անի քննչական գործողությունները, կամ մի նոր բան կմոգոնենք, Վարդազարյանը կհրաժարվի իր դիրքորոշումից», - ասաց նա:
Գործը, որն այժմ պետք է քննի Հակակոռուպցիոն կոմիտեն, հինգ ամիս Քննչական կոմիտեում էր, որի քննիչները բավարար ապացույցներ ձեռք չէին բերել, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյանն ու անդամներ Վիգեն Քոչարյանն ու Սերգեյ Չիչոյանը հանցավոր արարք են կատարել՝ խոչընդոտելով արդարադատության իրականացմանը։ Այս էր պատճառը, որ գործը կարճվել էր։
«Թե հիմա զրոյից կկատարվի, թե եղած նյութերի հիման վրա կհենվի որևէ նյութի, չեմ կարող ասել, կարծում եմ՝ պետք է զրույց լինի», - ընդգծեց նա:
Վարդազարյանը կես տարի առաջ մի ձայնագրություն էր հրապարակել, որն արվել էր 2021-ի փետրվարին, երբ ինքը դեռ ղեկավարում էր դատավորների անկախությունը երաշխավորող կառույցը։ Ձայնագրությունում Ջհանգիրյանը, որ այս զրույցից ընդամենը մեկ միս առաջ էր ընտրվել խորհրդի անդամ, գործընկերոջն առաջարկում է ինքնակամ թողնել պաշտոնը՝ խոստանալով, որ «հեռանալու դիմաց քրեական գործեր չեն հարուցվի»։
ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանը պնդում է՝ Հակակոռուպցիոն կոմիտեն չի կարող այս գործն օբյեկտիվ քննել, քանի որ հենց այդ կոմիտեն էր իր դեմ քրեական գործ հարուցել, երբ ինքը հրաժարվել էր կատարել իշխանության ընտրությամբ ԲԴԽ-ի անդամ նշանակված Ջհանգիրյանի պահանջ-խնդրանքը. «Հիմա Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննելու է մի քրեական գործ, որտեղ ճնշում է կատարվել հենց իր կողմից»:
Իր հերթին, ամիսներ առաջ իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում, պարզաբանելով Վարդազարյանի հետ հացի սեղանի շուրջ ունեցած խոսակցությունը, ասել էր, թե «կուտ է տվել» Վարդազարյանին։ Նա ոչ գործի կարճմանն է անդրադարձել, ոչ էլ դրա վերաբացմանը, բայց երբ քրեական գործ հարուցվեց, առողջական խնդիրները պատճառաբանելով հրաժարական տվեց։