Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն կարճել է Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության գործը 


Քննչական կոմիտեն կարճել է Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության գործը։

Իրավապահները պնդում են, որ 5 ամսվա քննությամբ հանցագործությունը չի հաստատվել։ Քննիչները բավարար ապացույցներ ձեռք չեն բերել, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյանն ու անդամներ Վիգեն Քոչարյանն ու Սերգեյ Չիչոյանը հանցավոր արարք են կատարել՝ խոչընդոտելով արդարադատության իրականացմանը։ Հետևաբար Քննչական կոմիտեն դատախազին միջնորդել են քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։ Դատախազությունն էլ բավարարել է այս միջնորդությունն ու կարճել գործը։

«Այս որոշումը խայտառակ ապօրինի որոշում է, նման բան ուղղակի հնարավոր չէր պատկերացնել այլ պայմաններում», - «Ազատությանն» ասաց Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Վարդազարյանը կես տարի առաջ մի ձայնագրություն էր հրապարակել, որն արվել էր 2021-ի փետրվարին, երբ ինքը դեռ ղեկավարում էր դատավորների անկախությունը երաշխավորող կառույցը։ Ձայնագրությունում Ջհանգիրյանը, որ այս զրույցից ընդամենը մեկ միս առաջ էր ընտրվել խորհրդի անդամ, գործընկերոջն առաջարկում է ինքնակամ թողնել պաշտոնը՝ խոստանալով, որ «հեռանալու դիմաց քրեական գործեր չեն հարուցվի»։

Այսօր, «Ազատության» հետ զրույցում, Վարդազարյանը պատմեց՝ այս զրույցից մի քանի օր անց, երբ հրաժարվել է կատարել Ջհանգիրյանի պահանջ-խնդրանքն, իր դեմ քրեական գործ հարուցվեց՝ արդարադատության իրականացմանը միջամտելու համար, կասեցվեցին իր լիազորությունները, որոնք սկսեց կատարել հենց Ջհանգիրյանը։ Իսկ ձայնագրության հրապարակումից օրեր անց Բարձրագույն դատական խորհուրդը իրեն վերջնականապես հեռացրեց խորհրդից։

«Մի քանի օր անց գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցում, գլխավոր դատախազը մեղադրանք է առաջադրում և որոշում է կայացնում՝ քրեական հետապնդում իրականացնելու։ Այդ փաստաթղթերը ստորագրված են գլխավոր դատախազի կողմից։ Այսինքն՝ կա կոնկրետ մարդ, ով դրա իրավասությունն ուներ և օգտվել է այդ իրավասությունից», - ասաց Վարդազարյանը։

Ինչո՞ւ այս սկանդալային ձայնագրության գործով Քննչական կոմիտեն չի հարցաքննել նախկին գլխավոր դատախազին, հարցնում է նախկին դատավորը և պնդում՝ Արթուր Դավթյանին գործի հարուցումից առաջ էր հանդիպել կառավարությունում։

Արթուր Դավթյան
Արթուր Դավթյան

«Ցուցմունքում նշել եմ, որ քրեական հետապնդում սկսելուց օրեր առաջ ես հանդիպել եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որն ինձ ասել է՝ «հարգելի պարոն Վարդազարյան, արա իրենց ասածը, քո գլուխն էլ ազատի, մերն էլ», այսինքն՝ հրաժարական տուր, քո գլուխն էլ կազատես, մերն էլ։ Ժողովրդական բառերով եմ ասում, որովհետև զրույցը ոչ պաշտոնական զրույց է եղել՝ Կառավարության միջանցքում։ Նման պայմաններում Արթուր Դավթյանին չհարցաքննելը ո՞ր տրամաբանության մեջ է տեղավորվում», - նշեց Վարդազարյանը։

Նախկին գլխավոր դատախազի հետ կապ հաստատել չենք կարողացել։ Ռուբեն Վարդազարյանն ասում է նաև, որ այս գործով հարցաքննված Ջհանգիրյանի ու մյուսների ցուցմունքները տարբերվում են իր ցուցմունքից, բայց Քննչական կոմիտեն հակասությունները պարզելու համար առերեսումներ չի կազմակերպել։ Կոմիտեից փոխանցեցին՝ նրանք հրաժարվել են։

«Վկան իրավունք չունի ցուցմունք չտալ, վկան իրավունք չունի չառերեսվել: Այո՛, տեսել եմ, որ վերջիններս հրաժարվել են առերես հարցաքննումից, ի՞նչ է դա նշանակում, որ քննիչը պետք է ասի՝ «շատ լավ, եթե անձը հրաժարվում է, ես էլ չե՞մ հարցաքննում», - տարակուսում է Վարդազարյանը։

Մինչ Վարդազարյանը պատրաստվում է բողոքարկել գործը կասեցնելու որոշումը, Գագիկ Ջհանգիրյանը չի շտապում մեկնաբանություններ տալ, այսօր «Ազատությանն» ասաց՝ հիմա որևէ հարցի չի ուզում պատասխանել։ Իսկ ամիսներ առաջ իրավաբանական գիտությունների թեկնածուն Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, թե «կուտ է տվել» Վարդազարյանին։

«Այո, կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած: Բա ես ի՞նչ գիտեմ՝ մի գործ կա, երեքը կա կամ էդ ես ո՞նց եմ կարճում կամ հարուցել տալիս էդ գործերը: Այսինքն՝ որպեսզի նա հեշտությամբ տրվի այդ հորդորին՝ դիմում գրի, ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը», - ասել էր Ջհանգիրյանը:

Կարճված գործով որպես վկա հարցաքննված ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը շատ մանրամասնեց չհրապարակեց նախաքննությունից, քանի որ որոշումը բողոքարկման ենթակա է, բայց պնդեց՝ չի հիմնավորվել, որ ինքն ու գործընկերը հորդորել են Վարդազարյանին հեռանալ պաշտոնից։

«Ցուցմունքի բովանդակությունը էդ է եղել՝ հորդորել ենք հեռանա կամ հորդորել ենք նման խոսակցությունների չվարի», - ասաց Չիչոյանը:

Հայաստանյան իրավապահ համակարգում տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց սկանդալային ձայնագրությունից հետո, ընդ որում՝ հեռանալը պատճառաբանեց առողջական խնդիրներով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG