Մատչելիության հղումներ

ԱԺԲ-ն պահանջեց ռուսական ռազմաբազայի հեռացումը և Փաշինյանի հրաժարականը


Ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական բևեռը երկրորդ շաբաթն է՝ Գյումրիում փորձում է «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով ակցիա իրականացնել. ցանկանում են շուրջօրյա շրջափակել ռուսական 102-րդ ռազամաբազան, մինչև չբացվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքը, բայց առայժմ դա նրանց չի հաջողվում։

Ոստիկանությունը նախորդ կիրակի ակցիայի 65 մասնակցի բերման ենթարկեց, երեկ էլ բազմաթիվ ոստիկաններ էին կանգնած ռազմաբազայի գլխավոր մուտք տանող ճանապարհին, բայց այս անգամ չմիջամտեցին ու ոչ մեկին բերման չենթարկեցին։ Հակառուսական հայացքներով հայտնի Բևեռն այս անգամ քաղաքական հայտարարություններում ավելի կոշտ էր։

Առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանն ասաց, թե ոչ միայն ռուսական ռազմաբազան պետք է դուրս գա Հայաստանից, այլ նաև վարչապետը հրաժարական տա. «Այնքան հասունացած են ժամանակները, որ ռուսական կողմին մենք ուրիշ բան չունենք ասելու, քան ռադներդ քաշեք մեր հայրենիքից: Միաժամանակ Փաշինյանը ևս պիտի ռադը քաշի, հեռանա իշխանությունից», - ասաց նա:

Ռուսական բազան շրջափակելու վճռականությամբ Գյումրիում երթ անցկացնելուց հետո ակցիայի մասնակիցները վերադարձան գլխավոր մուտքի մոտ ու պատրաստվում էին վրաններ տեղադրել, սակայն ոստիկանության հետ բանակցություններն արդյունք չտվեցին, նրանց բացատրեցին, որ քաղաքային իշխանությունից թույլտվություն չունեն։ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ շրջափակման ակցիան հետաձգում են, հաջորդ անգամ հավաքն ավելի բազմամարդ կլինի, ու թույլտվության կարիք չեն ունենա։

«Այդ պատը քանդելու իրավունք և հնարավորություն ունի միայն մեր ժողովուրդը, ուստի երբ լինենք այստեղ մի քանի հազար, դրանից հետո չենք էլ հարցնելու», - հայտարարեց նա:

Ակցիային մասնակցում էին նաև Հայաստան տեղափոխված մի քանի ռուսներ ու ուկրաինացիներ։ Ռուսաստանցի Անյան ասաց՝ եկել է աջակցելու ինչպես հայաստանցիներին, այնպես էլ շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Ռուս կինը քննադատեց, թե Մոսկվայի թողտվությամբ է Ադրբեջանն իրականացնում շրջափակումը. «Ռուսաստանը դանակով հարվածեց Հայաստանին թիկունքից, նա դավաճանեց հայ ժողովրդին։ Դա հիմա չպիտի տեղի ունենար, քանի որ Հայաստանն արել է ամեն ինչ, որ Ռուսասատանը լինի իր գործընկերը։ Բայց ի՞նչ արեց Ռուսաստանը, նա դավաճանեց: Դրա համար պետք է դուրս գալ ու մեր դիրքորոշումը հայտնել, որ մենք դեմ ենք Պուտինին, Պուտինի ռեժիմին ու Արցախի տարածքում անգործությանը։ Արցախը հայկական տարածք է, պետք է ազատագրել Լաչինի միջանցքը, պետք է ազատել մարդկանց, ովքեր գերության մեջ են, պետք է ազատել այն երեխեաներին, որոնք սոված են, սննդամթերք է պետք հասցնել Արցախ»։

Իսկ ի՞նչ կարծիք ունեն գյումրեցիները Բևեռի ակցիայի մասին, արդյոք դա կարո՞ղ է նպաստել Արցախի ապաշրջափակմանը։ Շատերն այսօր խուսափում էին խոսել այս մասին:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է՝ քաղաքական ուժերն ազատ են քաղաքական ակցիաների բովանդակության ու ձևի հարցում, բայց կարծում է, որ ռուսական ռազմաբազայի շրջափակման կարճատև փորձերը չեն կարող արդյունավետ լինել:

«Ես համոզված եմ, որ գուցե տոտալ շրջափակումը կարող էր ազդեցիկ լինել, ինչի համար հայաստանյան հանրությունը, ըստ իս, դեռ պատրաստ չէ, ժամանակավոր, կարճաժամկետ, ժամերով այդպիսի ակցիաները ռուսական ռազմաբազայի վրա, կարծում եմ, չեն ազդում այնպես, որ իրենք իրենց բուն պարտականությունները կատարեն և ապահովեն միջանցքի ազատ գործունեությունը, անցուդարձը, ելումուտը Արցախ»:

Արդեն 26 տարի Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան միայն այստեղ 5 զորամաս ունի։ Բևեռի ներկայացուցիչները չասացին, թե երբ է լինելու հաջորդ ակցիան։

XS
SM
MD
LG