Մատչելիության հղումներ

ԱԺԲ-ն որոշեց վրաններ չտեղադրել ռուսական ռազմաբազայի մոտ. ակցիան ավարտվեց


Գյումրիում իրազեկման երթից հետո Ազգային ժողովրդարական բևեռը կրկին վերադարձավ ռուսական 102-րդ ռազմաբազայի կենտրոնական մուտքի մոտ:

Բևեռի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի իրավիճակից բխող «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով բողոքի ակցիայի շրջանակներում նախատեսում են տեղում վրաններ տեղադրել և մնալ: Ոստիկաններին հորդորեցին չկրկնել նախորդ շաբաթվա պատկերը, երբ մեծաթիվ քաղաքացիներ բերման էին ենթարկվել՝ նշելով, որ իրենց ակցիան քաղաքական բնույթ է կրում:

Այստեղ կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր: Նրանց հետ բանակցեցին վրաններ տեղադրելու համար, սակայն պատասխան ստացան, որ այդ թույլտվությունը պետք է համայնքապետարանը տրամադրի՝ ըստ հավաքների մասին օրենքի: Բևեռի ներկայացուցիչները, սակայն, ասացին՝ ոչ աշխատանքային օրերի պատճառով չեն կարողացել դիմել պետական մարմնին, կոչ արեցին ոստիկանությանը դա ապահովել, սակայն կրկին ստացան պատասխան, որ դա իրավապահ կառույցի լիազորությունների շրջանակներում չէ:

Ամեն դեպքում, նրանք հայտարարում են, որ պատրաստվում են ռազմակայանի մոտ խարույկ վառել և գիշերել:

Ավելի ուշ, սակայն, համաձայնության չգալով ոստիկանության հետ՝ քաղաքական ուժից հայտնեցին, որ ակցիան այսօր ավարտում են, մյուս անգամ ավելի մեծ թվով կլինեն այստեղ և թույլտվություն չեն հարցնի: Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ այստեղ չեն եկել բախում հրահրելու, այսօր նախատեսված շուրջօրյա շրջափակումը կանեն հաջորդ ակցիային:

Ռուսաստանից Հայաստան բնակության տեղափոխված ՌԴ քաղաքացիներից մեկը ելույթով հանդես եկավ՝ պահանջելով բացել Արցախը և քննադատելով «պուտինյան ռեժիմը»: «Ազատություն Արցախին, ազատություն Հայաստանին», - վանկարկեց նա:

Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 35 օր: 120 հազար քաղաքացի շրջափակման մեջ է: Շատ արցախցիներ Հայաստանում են մնացել՝ անջատ իրենց ընտանիքներից:

XS
SM
MD
LG