Մատչելիության հղումներ

Ռուս-իրանական ռազմական համագործակցությունը ընդլայնվում է 


 Су-35 (ՍՈւ 35) մակնիշի ռազմական օդանավեր, արխիվ
Су-35 (ՍՈւ 35) մակնիշի ռազմական օդանավեր, արխիվ

Թեհրանը հաստատեց՝ Մոսկվայից ժամանակակից սպառազինություն կստանա, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին։

Վերջին ամիսներին մամուլում շրջանառվող այս տեղեկությունը պաշտոնապես հաստատելով՝ իրանցի պատգամավորը «Թասնիմ» գործակալության հետ զրույցում նշել է, որ Թեհրանը Մոսկվայից ՀՕՊ և հրթիռային համակարգեր, ինչպես նաև ուղղաթիռներ է պատվիրել։ Հեյդարիի խոսքով՝ ռուսական սպառազինությունը՝ Су-35 (ՍՈւ 35) մակնիշի նորագույն ռազմական օդանավերը Իրան կմատակարարվեն առաջիկա ամիսներին։

Ըստ իրանական աղբյուրների՝ ռմբարկուների մի մասը նախատեսվում է տեղակայել Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Իսպահանի տակտիկական ավիաբազայում։

Մի շարք լրատվամիջոցների համաձայն՝ խոսքը 24 ռուսաստանյան կործանիչների մասին է, որոնք Մոսկվան նախատեսում էր վաճառել Եգիպտոսին։ Պաշտոնական Կահիրեն, սակայն, հրաժարվել էր այդ գործարքից, մամուլի տեղեկություններով՝ ենթադրաբար Վաշինգտոնի հորդորով։

Կահիրեի կողմից մերժված և Իրանում պահանջարկ վայելող ռուսաստանյան ՍՈւ 35-ը բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը նախատեսված է թշնամու տարածքի խորքային հարվածների համար և կարող է կրել տարբեր տրամաչափի ռումբեր ու հրթիռներ։ Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանը դրանք սահմանափակումներով է օգտագործում՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերով հագեցվածության պատճառով։

Փոխարենը Մոսկվայի ձեռքում կարևոր զենք են դարձել իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնց կիրառմամբ լայնածավալ հարվածներ է հասցնում Ուկրաինայի ամբողջ տարածքի էլեկտրական ենթակառուցվածքներին և այլ քաղաքացիական թիրախներին: Պաշտոնական Կիևի համաձայն՝ խոսքը հետախուզության համար նախատեսված Mohajer-ի և Shahed տեսակի դրոնների մասին է: Դատելով իրանական մամուլում իրանցի զինվորականների հնչեցրած հայտարարություններից՝ հատկապես Shahed-ը Թեհրանի արտադրած դրոնների շարքում ամենահզորն է։

Անցած շաբաթներին հայտնի դարձավ, որ ի հեճուկս Արևմուտքի զգուշացումների՝ Իրանը դրոններից բացի, պատրաստվում է նաև հրթիռներ մատակարարել Ռուսաստանին։ Իրանցի պաշտոնյաները Reuters-ի հետ զրույցում հայտնել են, որ սպառազինության վաճառքի շուրջ պայմանավորվածությունը կողմերը ձեռք են բերել ամիսներ առաջ։ Եվրամիությունը, Միացյալ Նահագները պնդում են, որ դրոններ տրամադրելով Մոսկվային՝ Թեհրանը կոպտորեն խախտել է 2015 թվականի միջուկային համաձայնագրին հավանություն տալու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը։ Արևտմյան մի շարք երկրներ, Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել սահմանել Իրանի մի խումբ քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են անօդաչու թռչող սարքերի արտադրության և Ռուսաստանին զենքի մատակարարման գործընթացներում։

Պատժամիջոցների սպառնալիքը, սակայն, ոչ միայն չի կաշկանդում, այլ նաև ավելի է մերձեցրել Արևմուտքի կողմից մեկուսացված Ռուսաստանին և Իրանին։ Այդ երկրների հարաբերությունները վերածվել են լիարժեք ռազմական համագործակցության, այս մասին անցած ամիս հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրիդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ շեշտելով, որ Թեհրանն ու Մոսկվան միմյանց «աննախադեպ աջակցություն» են ցուցաբերում, ինչպես նաև քննարկում անօդաչուների համատեղ արտադրության հնարավորությունները։

Դրոնների արտադրության 40-ամյա փորձ ունեցող Թեհրանը հարվածային անօդաչուներ է մատակարարում Լիբանանում, Գազայում, Եմենում, Իրաքում և Սիրիայում գործող իրանամետ խմբավորումներին։ Վերջին տարիներին հայտնի է դարձել նաև իրանական դրոնների՝ տարբեր երկրներ վաճառքի մասին։ The New York Times-ի տեղեկություններով` իրանական դրոնները գնել են Եթովպիան, Վենեսուելան, Սուդանը, իսկ Տաջիկստանում Թեհրանը նույնիսկ անօդաչուների համատեղ արտադրությամբ զբաղվող գործարան է ստեղծել։

XS
SM
MD
LG