Մատչելիության հղումներ

«Անցո՛րդ, բարի ժամին մի ծաղիկ կդնես նրա շիրիմին» 


Վախթանգ Կիկաբիձեն, արխիվ:
Վախթանգ Կիկաբիձեն, արխիվ:

Իսկ Միմինոն ազգանո՞ւն է, թե՞ անուն. Միմինոն վրացերեն բազեն է

Թբլիսիում գլխուղեղի ուռուցքից 84 տարեկանում մահացել է անվանի կինոդերասան և երգիչ Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեն: Այդ մասին հայտնել է «Մտավարի Արխի» վրացական հեռուստակայանը:

Կիկաբիձեի հրաժեշտի և քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին: Նրան հողին կհանձնեն Վրաստանի մայրաքաղաքի Մթածմինդայի պանթեոնում:

Արվեստագետը մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ Խորհրդային Միությունում և դրա փլուզումից հետո էլ՝ հետխորհրդային տարածքում:

Հենց խորհրդային տարիներին է նա նկարահանվել «Վերայի թաղամասի մեղեդիները», «Կորած արշավախումբը», «Դյուման Կովկասում», «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել», «Երեք ապտակ», «Տղամարդիկ և մնացյալները», «Առողջ լինես, թանկագինս», «Բախտը», «Օլգան և Կոնստանտինը» և տասնյակ այլ ֆիլմերում:

Եվ մի քանի տասնյակ կինոնկարներում և անիմացիոն ֆիլմերում Բուբան երգեր է կատարել, ինչպես նաև կադրից դուրս իր անմոռանալի ձայնով ընթերցել է հերոսների խոսքը:

Այնուամենայնիվ, համաժողովրդական սերն ու տասնյակ միլիոնավոր մարդկանց համակրանքը նա վաստակել է մեծ ռեժիսոր Գեորգի Դանելիայի և մեծ սցենարիստ Ռեզո Գաբրիաձեի «Մի՛ վշտանա» (1969) և «Միմինո» (1977) ֆիլմերում գլխավոր հերոսների դերերը կատարելու շնորհիվ:

Այդ ֆիլմերի երկու հերոսների՝ Բենժամենի և Վալիկոյի արտահայտությունները դարձել են ցիտատներ ու տարածվել ամբողջ Սովետում:

Վալիկոն և Ռուբիկ-ջանը՝ մեծ բարեկամներ

«Միմինոյից» հետո նույնքան մեծ հեղինակություն է վաստակել հայ մեծ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը: Նրա հերոսը՝ վարորդ և «պրոֆեսոր» Ռուբիկ Խաչիկյանը, նույնպես դարձել է սովետական կինոաշխարհի սիրված կերպարներից մեկը:

Կիկաբիձեն և Մկրտչյանը մտերիմ բարեկամներ են եղել, համագործակցել են այլ ֆիլմերում, մշտապես սատարել են միմյանց և եղբայրական համակրանքից զատ, նաև որպես պրոֆեսիոնալներ մեկ-մեկու հանդեպ մեծագույն հարգանք են դրսևորել:

2014 թվականին Երևանի քաղաքապետարանը Վախթանգ Կիկաբիձեին շնորհել է ոսկե մեդալ՝ հայ-վրացական կապերի և մշակութային բարեկամության գործում ներդրած ավանդի և արտիստի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

Այդ տարիներին նախկին խորհրդային տարածքում արդեն տեղի են ունեցել աննախադեպ զարգացումներ:

«Երբ ուզում եմ ռուսերեն երգել՝ մեկնում եմ Ուկրաինա»

2008 թվականից հետո Կիկաբիձեն այլևս Ռուսաստան չի մեկնել, թեպետ մինչ այդ երկար ժամանակ ապրել է Մոսկվայում, համերգներ է տվել: Ինչպես և Բուբայի երկրպագուները խորհրդային այլ երկրներում, ռուսաստանցիներն էլ նրա տխուր ու գեղեցիկ երգերը շատ են սիրել:

Նրա մենահամերգները միշտ հաջողությամբ են անցել, բայց 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո նա՝ դառնացած, վշտացած, վիրավորված և ընկճված, Մոսկվայից վերադարձել է Թբիլիսի:

Նույն 2008 թվականին նա հրաժարվել է ռուսներից ստացած «Բարեկամության» շքանշանից: Նա ասել է, որ հարգում է ռուս ժողովրդին, բայց ալևս չի կարող մրցանակներ ստանալ այդ երկրից և երգել այնտեղ:

«Հրաշալի ունկնդիր են ռուսները, ուշադիր լսող, նայող, դժվար է առանց նրանց: Բայց հետո ես հասկացա, որ եթե ուզում եմ ռուսերեն երգել՝ կարող եմ մեկնել Ուկրաինա: Ու սկսեցի մեկնել և այնտեղ լիցքաթափվել»,- ասել է Կիկաբիձն:

2014 թվականին Կիկաբիձեն Պուտինին անվանել է «սև ուժի քաղաքական գործիչ» և ասել, որ եթե ջահել լիներ՝ կգնար Ուկրաինա ու կմիանար ուկրաինացիների կռվին:

2015 թվականին Կիկաբիձեն Կիևում հանդես եկավ մենահամերգով, որը նվիրեց «Երկնային հարյուրյակին» (Ուկրաինայում Եվրոմայդանի բողոքի ակցիաների օրերին ռուսամետ ուժերի դեմ պայքարում զոհված մարդկանց):

Կիկաբիձեն խստորեն դատապարել է 2022 թվականի փետրվարի 24-ի Ռուսաստանի հարձակումն Ուկլրաինայի վրա: 2022 թվականի մարտի սկզբին Թբիլիսիում «Ազատության» թղթակից Գեորգի Կոբալաձեի հետ զրույցում նա ասել է, որ եթե մի 20 տարով ավելի երիտասարդ լիներ՝ հրացանը կվերցներ ու կգնար պաշտպանելու եղբայրական ժողովրդին:

«Ստոր պատերազմ է: Վստահ եմ, որ կավարտվի ուկրաինացիների հաղթանակով»

«Ես դա կանվանեի ստոր պատերազմ, դա զզվելի է: Կարծում եմ, որ նա {ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը} ամենևին էլ նորմալ մարդ չէ: Ժողովրդի մեջ համոզմունք կա, որ սատանան կա: Այնտեղ ինչ-որ տեղ է ապրում, դարեր շարունակ է գրվել՝ սատանա, սատանա, սատանա։ Ահա՛ նա, նա՛ է այդ սատանան: Այսքան մարդ զոհվեց, այնքան զինվոր։ Բայց ողջ աշխարհին ապշեցնում է ուկրաինացիների տոկունությունը: Ես ծնկի եմ գալիս նրանց առաջ։ Վստահ եմ, որ ամեն ինչ շատ շուտով կավարտվի ուկրաինացիների հաղթանակով»,- ասել է Կիկաբիձեն։

Ընկերները նրան երկար կհիշեն

«Մի՛ վշտանա» ֆիլմում տարեց բժիշկ Լևանը (Սերգո Զաքարիաձե) պատրաստվում է հեռանալ կյանքից: Սեղանի շուրջ հավաքված հերոսները մտորում են, թե ինչպիսին կարող լինել մահախոսականը:

Տարեց բժիշկը ցանկանում, է, որ խոսք ասի երիտասարդ գործընկերը՝ Բենժամենը (Վախթանգ Կիկաբիձե): Մերժելով բոլոր մահախոսականներում կրկնվող պերճախոս գովաբանությունը՝ նա առաջարկում է մի ուղերձ, որն այսօր կարող են կրկնել Բուբայի արվեստի բոլոր երկրպագուները. «Կյանքի ճանապարհով թափառողին, Աստված տվել է մոռանալու կարողություն: Այն դանդաղ հետևում է մահվանը և ջնջում դրա թողած հետքերը»:

Երիտասարդ Բենժամենը կռահում է տարեց Լևանի ցանկությունը և ասում, որ «ընկերները նրան երկար կհիշեն» ու մահախոսականն ավարտում այս պատգամով. «Անցո՛րդ, բարի ժամին մի ծաղիկ կդնես նրա շիրիմին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG