Մատչելիության հղումներ

ՀՅԴ անդամը կալանավորվել է, մեկ այլ կուսակցի ու համակրի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ


Մեղադրանք է ներկայացվել ՀՅԴ երկու անդամի՝ Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամներից Գառնիկ Մանուկյանին և Արտավազդ Մարգարյանին, ինչպես նաև մեկ համակրի՝ Հունան Մելքոնյանին, հայտնում է Քննչական կոմիտեն: Գառնիկ Մանուկյանը կալանավորվել է:

Նրանց մեղադրանք է առաջադրվել նախորդ հունիսին կուսակցության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին գումար տրամադրելու համար։ Ըստ ՔԿ-ի՝ խախտվել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատ կամահայտնությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը:

Մի քանի օր Հայ հեղափոխական դաշնակցությունն ահազանգում էր, որ խուզարկություններ են կատարվում կուսակցության ներկայացուցիչների և համակիրների տներում։ Քննչական կոմիտեն պարզաբանել էր, որ խուզարկությունն անցած ամռանը հարուցված գործի շրջանակում է արվել, ավելին՝ իրավապահների փոխանցմամբ՝ խուզարկության արդյունքում առգրավել են «Հայաստան դաշինք» վերնագրով թղթապանակներ, որոնցում բազմաթիվ մարդկանց անձնական և անձնագրային տվյալներ, ստորագրություններ կան, անգամ գրառումներ 2021-ի արտահերթ ընտրության ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև դրանից հրաժարվելու մասին։

Քննչական կոմիտեն նաև հայտնել էր, որ դեռ օգոստոսին են վարույթ նախաձեռնել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածով։ Եվ անցած հինգ ամիսների քննության արդյունքում եզրակացրել են, որ վարչապետի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման հավաքներին դաշնակցականները Արարատի մարզի բնակիչներին մայրաքաղաք գումարով են բերել։

Կուսակցությունը սա քաղաքաական հետապնդում է որակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG