Մատչելիության հղումներ

ՔԿ-ն անդրադարձել է ՀՅԴ-ականների տներում իրականացվող խուզարկություններին


Քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացվում մի քանի անձանց առնչվող հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ, նշել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի տան խուզարկության մասին հրապարակումներին։

Ըստ ՔԿ-ի՝ վարույթը նախաձեռնվել է նախորդ օգոստոսին օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով հոդվածի շրջանակներում։

Այլ տեղեկատվություն իրավապահ կառույցը չի տրամադրում՝ «ելնելով նախաքննության շահերից»։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ այսօր առավոտյան ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են իրենց մի շարք կուսակիցների բնակարաններ`խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ:

«Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը: Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար», - նշել էր ընդդիմադիր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG