ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի տանն ու նրա կողմից հիմնադրված հետազոտական կենտրոնում գաղտնի փաստաթղթերի հայտնաբերման առթիվ պաշտոնական քննություն է մեկնարկել, անցած գիշեր հայտարարել է Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազ Մերիկ Գառլանդը։ Նրա խոսքով՝ հետաքննությունը կվարի հատուկ այդ նպատակով նշանակված անկախ դատախազ Ռոբերտ Հուրը։
Հետաքննությունը մեկնարկել է այն բանից հետո երբ Բայդենի կողմից Վաշինգտոնում ստեղծված հետազոտական կենտրոնում, ապա նաև Դելավեր նահանգում գտնվող նրա տանը տասնյակից ավելի գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել։ Դրանք թվագրվում են Ջոզեֆ Բայդենի՝ փոխնախագահ աշխատելու տարիներով։
Ամերիկյան օրենսդրության համաձայ՝ն Միացյալ Նահանգների նախագահներն ու փոխնախագահները պաշտոնավարման ավարտին պարտավոր են իրենց տրամադրության տակ եղած բոլոր գաղտնի փաստաթղթերը հանձնել Ազգային արխիվ։ Օրենքի այս դրույթի չկատարումը կարող է անգամ քրեական պատասխանատվության հանգեցնել։