Մատչելիության հղումներ

Սոլեդար քաղաքի համար կատաղի մարտերը շարունակվում են


Դոնեցկի մարզի գրեթե ամբողջությամբ ավերված Սոլեդար քաղաքի համար կատաղի մարտերը շարունակվում են։ Քաղաքի կորուստը կարող է բարդացնել ուկրաինական զորքերի պաշտպանությունը մերձակա Բախմուտի մոտ, որը ռուսները արդեն մի քանի ամիս է փորձում են գրավել։

Անցած գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, թե իր ստորաբաժանումները լիովին վերահսկում են Սոլեդարը, միաժամանակ հավելել էր, թե քաղաքի կենտրոնում մարտերը շարունակվում են։ Ավելի վաղ նույն Պրիգոժինն ասել էր, թե Սոլեդարը գրոհում են բացառապես Վագների ուժերը։

Այսօր, սակայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս տեղեկությունը փաստացի հերքեց՝ պնդելով, թե քաղաքի համար պայքարում են Ռուսաստանի զինված ուժերը;

«Օդադեսանտային ստորաբաժանումները արգելափակել են Սոլեդար քաղաքը հյուսիսային և հարավային մասերից: Ռուսաստանի օդուժը թիրախավորում է թշնամու հենակետերը: Քաղաքում մարտերը շարունակվում են», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Արդեն առավոտյան ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շտաբից են հայտնել, որ ռուսական ուժերը գրավել են Բախմուտի արվարձանում գտնվող Պոդգորոդնոյե գյուղը։ Ուկրաինական կողմը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։

Ռուսական զորքի այս հաջողության ֆոնին Կրեմլը այսօր անհնար է համարել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները։

«Այն պայմաններում, երբ Ուկրաինայի օրենքներն արգելում են Ուկրաինայի նախագահին որևէ շփում ունենալ մեզ հետ կամ երկխոսել մեզ հետ, երբ արևմուտքը ակնհայտորեն հակված չէ Կիևին այս հարցում որևէ ճկունություն թույլ տալ, խոսել բանակցությունների հեռանկարաների մասին իմաստ չունի», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Սոլեդարի համար ընթացող մարտերն այս օրերին մեկնաբանել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Յենս Ստոլտենբերգն ասել է, թե դրանք ցույց են տվել ուկրաինական ուժերի քաջությունը և Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը ավելացնելու կենսական նշանակությունը։

Տարին ռուսական կողմը սկսել է ավելի ավելի սաստիկ հարձակողական գործություններով։ Ստոլտենբերի խոսքով, Մոսկվան վճռական է տրամադրված և պատերազմը կարող է երկար տևել. - «Մենք պետք է շարունակենք և նաև ուժեղացնենք մեր աջակցությունը Ուկրաինային, քանի որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեծ կորուստներ է կրել Ուկրաինայում խիզախ ուկրաինացի զինվորների պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության շնորհիվ։ Բայց մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին։ Նրանք ավելի շատ զորք են մոբիլիզացնում։ Նրանք քրտնաջան աշխատում են ավելի շատ տեխնիկա, ավելի շատ զինամթերք ձեռք բերելու համար և պետք է պատրաստ լինել, որ պատերազմը դեռ երկար է տևելու»։

Եվրամիության և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները երեկ պայմանավորվել են ուժեղացնել իրենց համագործակցությունը անվտանգության և Ուկրաինային աջակցելու հարցերում և համատեղ հռչակագիր են ստորագրել։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լեյենի խոսքով, Եվրամիությունը Ուկրաինային աջակցելուց բացի կշարունակի նաև ճնշում գործադրել Ռուսաստանի և նրա աջակիցների վրա. - «Մենք կշարունակենք ճնշումը Կրեմլի վրա այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Մենք այդ պատժամիջոցները կտարածենք Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերող Բելառուսի և Իրանի վրա»։

Արևմուտքը առաջին անգամ չէ, որ հայտարարում է՝ այս պատերազմը կարող է երկար տևել, իսկ Ուկրաինայի նախագահը շարունակում է համոզմունք հայտնել, որ իր երկիրը կհաղթի։ Այս մասին նա նաև խոսել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության մասնակիցներին հղած տեսաուղերձում։

Վլադիմիր Զելենսկու խոսքով, երրորդ համաշխարհայաին պատերազմ չի լինելու, քանի որ Ուկրաինան ժողովրդավարական երկրների օգնությամբ հաղթելու է Ռուսաստանին. - «Ուկրաինայում պատերազմը դեռ չի ավարտվել, բայց արդեն բեկում է հասունանում, և արդեն պարզ է, թե ով է հաղթելու»։

Նախագահ Պուտինը իր հերթին վստահ է ռուսական բանակի հաղթանակի մեջ և այսօր կառավարության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը կլուծի այսպես կոչված «հատուկ գործողության» կարիքները բավարարելու բոլոր խնդիրները և կամրապնդի իր պաշտպանունակությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG