Մատչելիության հղումներ

«Փորձեցի օգնել, ասաց` հեռու գնա»․ ՃՏՊ-ի արդյունքում վիրավոր վարակակրին օգնած երիտասարդը մեկուսացված է


Լուսանկարը Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում աճել է 52-ով՝ հասնելով 822-ի, փոխանցում են Առողջապահության նախարարությունից։ Բացասական են եղել 3844 թեստերի արդյունքները: Փաստացի բուժվում է 758 քաղաքացի, ապաքինվել են 57-ը: Մինչ այս պահը կորոնավիրուսից մահացել է 7 հոգի:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց` ծանր վիճակում գտնվողների թվերի փոփոխություն երեկվա համեմատությամբ չկա, մեկ հոգի է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում.- «3-ը երեկվա դրությամբ նշել էի, որ օդափոխության սարքին են միացված, դա պահպանվում է»:

Մամուլի խոսնակը փոխանցեց նաև, որ իրենց լավ են զգում և որևէ խնդիր չունեն երկու օր առաջ վթարի ենթարկված վարակակիրները: Շտապօգնության մեքենան վթարի էր ենթարկվել, երբ կարանտինային գոտուց տեղափոխում էր երեք պացիենտի: Նրանցից միայն մեկն էր վնասվածքներ ստացել և այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում:

Վնասված վիրուսակիր պացիենտին առաջին օգնություն ցուցաբերած քաղաքացին այժմ մեկուսացված է Երևանի հյուրանոցներից մեկում: Արմեն Այվազյանը «Ազատությանը» փոխանցեց՝ տեղեկանալով, որ քաղաքացին վիրուսակիր է, միանգամից թեժ գիծ է զանգահարել ու տեղափոխվել «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց:

«Տեսա, որ շտապօգնության մեքենան բախվել է այլ մեքենաների ու ծառի համ էլ, տեսա, որ վիրավոր մարդ կա, ում ոտքն էր ոնց որ թե վնասված, փորձեցի իրեն օգնել, նստացրի իրեն այն կողմ, հետո ինքն ասաց` հեռու մնա: Չհասկացա ճիշտն ասած` ինչի համար: Հետո մի 2 անգամ էլ գոռաց` հեռու մնա, հեռու մնա, ու ոստիկանները մոտեցան: Մոտեցան, ինձ հետ տարան ուղղակի ու նոր ասացին, որ վարակակիր է այդ մարդը: Քայլեցի ուղղակի այն կողմ, երևի մի 200 մետր այն կողմ գնացի, նոր հասկացա` ինչ է եղել, որ այդ մարդու հետ անմիջական կոնտակտի եմ դուրս եկել ու զանգեցի թեժ գիծ: Խորհուրդ տվեցին, որ հետ գնամ այնտեղ, բժշկներին ասեմ»,- պատմեց նա:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր ներկայացրել է Covid-19 Armenia հավելվածը, որը օգտատիրոջը նաև բժշկական թեստավորման հնարավորություն է տալիս: Իսկ AC19 հավելավածը այլևս չի գործելու, տվյալներն էլ փոխանցելու է Covid-19 Armenia֊ին: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է օգտատիրոջ առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել: Ավինյանը նաև գրել է, որ ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն` արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության:

Պարետը հորդորել է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ: Նկատենք, Covid-19 Armenia հավելվածը բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև վիճակագրություն և այլ տվյալներ: Հավելվածում հնարավոր է լրացնել ու պահպանել նաև այս օրերին անհրաժեշտ տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը:

XS
SM
MD
LG