Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փոխանցել է Արցախի կորած բնակչին՝ դրան քաղաքական ու քարոզչական երանգ տալով. ԱԱԾ


«Արցախի հայ բնակիչը ուտելիք ու ծխախոտ է խնդրում ադրբեջանցիներից», - երեկ ադրբեջանական լրատվամիջոցներն էին այսպիսի տեղեկություն տարածում, նշում էին նաև, որ նա շատ մրսած էր: Տեսանյութ էլ էին տարածել, որում մի տղամարդ շնորհակալ ժպիտներով ու համբույրներով ցուցարարներից բաժանվում էր՝ մի քանի տոպրակներով նստում ռուս խաղաղապահների մեքենան և այս ամենը տասնյակ տեսախցիկների առջև:

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունն այս ամենն անվանում է կեղծ ու բեմականացված, բայց մարդը հայ է, Ճարտարի բնակիչ, 9 օր է՝ անհետ կորած էր:

«Հունվարի 1-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չէր վերադարձել, որի կապակցությամբ նախաձեռնվել են որոնողական աշխատանքներ: Քանի որ մեծ էր հավանականությունը, որ ունենալով առողջական խնդիրներ, վերջինս կարող էր մոլորվելու հետևանքով անցնել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք, այդ մասին հաղորդվել էր նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ ադրբեջանական կողմից տեղեկություն ստանալու նպատակով», - նշված է հաղորդագրությունում։

Արցախի իրավապահները նշում են նաև, որ մինչև այժմ ադրբեջանական կողմը հերքում էր, թե Թորոս Ղազարյանն իրենց մոտ է և այժմ նրան ռուսներին են փոխանցել՝ քաղաքական ու քարոզչական երանգ տալով. - «Ադրբեջանական կողմի բեմականացումը մեկ անգամ ևս փաստում է, որ վերջիններիս նպատակը ոչ թե իրականության հետ առերեսվելն ու այն ընդունելն է, այլ միջազգային հանրությանն ու ներքին լսարանին կեղծ թեզերով ու քարոզչական նյութերով մոլորեցնելը»:

Թորոս Ղազարյանին արցախցի բժիշկներն արդեն զննել են, նրա առողջական վիճակը բավարար է: Ճարտարի համայնքապետ Վլադիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ մարդը տարիներ ի վեր հոգեկան առողջության խնդիրներ ունի, չի աշխատում, ապրում է մոր հետ:

«Գլուխը խարաբ մարդ է, հոգեկան հիվանդ է էլի, ինչ իմանաս նա ինչ է մտածել», - նշեց Հովհաննիսյանը:

Ադրբեջանցիները Ճարտարից մի քանի կիլոմետրի վրա են դիրքավորված, առայժմ պարզ չէ, թե տղամարդը, որ անասնապահությամբ չի զբաղվում ինչպես է հայտնվել Ադրբեջանի հսկողության տակ։ Ինչո՞ւ է հունվարի 1-ից անհետացած քաղաքացու մասին Արցախի Ազգային անվտանգությունը հայտնում ադրբեջանական տեսանյութից հետո: Ծառայությունից ասում են՝ հրապարակային հայտարարությունը կարող էր վտանգել քաղաքացու կյանքը։

XS
SM
MD
LG