Մատչելիության հղումներ

Դատախազությանը հետաքրքրում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գույքի ծագումը


Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան, արխիվ
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան, արխիվ

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պատկանող գույքի օրինականությունը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Թե արքեպիսկոպոսի ո՞ր գույքն է կասկածելի, գերատեսչությունից չեն հայտնում։ Ինքը՝ Կճոյանը ևս տեղյակ չէ, թե խոսքն ինչի մասին է, «Ազատությանն» ասաց նրա փաստաբան Արմինե Ֆանյանը։ Այդ պատճառաբանությամբ էլ այս պահին հրաժարվում են մեկնաբանություն տալ. - «Այս պահին ընդհանրապես տեղեկացված չենք՝ ինչի մասին է խոսքը»:

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը դեռ չի ներկայացել դատախազություն։ Իսկ արդյոք պատրաստվո՞ւմ է. - «Դեռևս չենք կարող այդ հարցին ևս պատասխանել, բոլոր դեպքերում՝ ընթացքի մասին կտեղեկացնենք մամուլին», - ասաց փաստաբանը:

Մայր Աթոռից ու Արարատյան Հայրապետական թեմից ևս հրաժարվում են արձագանքել հոգևորականի գույքին առնչվող ուսումնասիրությանը։ Մինչդեռ 2020 թվականին, երբ հոգևորականին առանձնապես խոշոր չափով խարդախության և փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել, Մայր Աթոռը հաղորդագրություն էր տարածել՝ կոչ անելով հարգել նրա անմեղության կանխավարկածը։

Միևնույն ժամանակ, Էջմիածնում տարակուսելի էին համարել, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հայտարարվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացումից անմիջապես հետո։

Կճոյանի մեղադրանքը կապված էր տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ։ Դրա կիզակետում էր հայտնվել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Շուրջ 6 տարի առաջ տվյալ գործով 16 տարվա ազատազրկման դատապարտվեց Աշոտ Սուքիասյանը, ով քավոր-սանիկական հարաբերություններ մեջ է եղել արքեպիսկոպոսի հետ։ Սուքիասյանը 2020-ին պատժի մեղմացման արդյունքում ազատ արձակվեց։ Այս քրեական գործով 2022-ին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ արդարացվել է։

«Քրեական հետապնդումը դադարեցվել է իր մասով, որովհետև հիմնավորվել է, որ բոլորովին անմեղ է առաջադրված մեղադրանքներում սրբազանը: Այսինքն՝ ներկայացված մեղադրանքներից և որևէ մեկը չի հիմնավորվել, և երկու մեղադրանքում էլ սրբազանը ճանաչվել է անպարտ», - ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ուսումնասիրություններում կան բազմաթիվ հնչեղ անուններ, նրանց թվում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դուստրը, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ դատարան ուղարկված երկու գործ կա։ Առաջինը Ազգային անվտանգության ծառայության նախկին գնդապետ Սերոբ Հարությունյանին և նրա ընտանիքին պատկանող ընդհանուր առմամբ 485 միլիոն դրամ արժողությամբ գույքին է վերաբերում, այդ թվում՝ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, երկու ավտոկայանատեղիները և մի քանի այլ սեփականություն։ Իսկ երկրորդը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի ապօրինի հարստացման գործն է։

XS
SM
MD
LG