Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը կոչ է անում Նավասարդ արք. Կճոյանի առնչությամբ հարգել անմեղության կանխավարկածը


Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան, արխիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանքի առաջադրման կապակցությամբ՝ կոչ անելով «հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և լրատավամիջոցներին, հարգել անձի` օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից»:

Միաժամանակ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգն արձանագրում է, որ «քրեական գործով արծարծվող թեման զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվել է տակավին 2013 թվականից, իսկ հիշյալ քրեական գործը հարուցվել է տարիներ առաջ»: «Այս համատեքստում տարակուսելի է, որ հիշյալ քրեական գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումը ուղղակիորեն հաջորդում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոցելի խմբում գտնվող կալանավորների, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը», - ասված է հինգշաբթի երեկոյան հրապարակված հաղորդագրությունում: - «Թեև սույն պարագան առաջացնում է որոշակի մտահոգություններ, այսուհանդերձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է հուսալ և հետամուտ է լինելու, որ քրեական գործով իրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն»:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը նշում է, որ հիշյալ գործով Նավասարդ արք. Կճոյանի իրավական պաշտպանությունն իրականացվում է փաստաբանների կողմից, «որոնք գործի առնչությամբ, ըստ անհրաժեշտության, կներկայացնեն համապատասխան լուսաբանություններ ու պարզաբանումներ»:

Ազգային անվտանգության ծառայությունը բարձրաստիճան հոգևորականին մեղադրանք է առաջադրել ապրիլի 13-ին: Պաշտպանի փոխանցմամբ՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախության և փողերի լվացման մեջ։ Մեղադրանքը կապված է տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ, որի կիզակետում էին հայտնվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Շուրջ երեք տարի առաջ տվյալ գործով 16 տարվա ազատազրկման դատապարտվեց Աշոտ Սուքիասյանը, ով քավոր-սանիկական հարաբերություններ մեջ է եղել արքեպիսկոպոսի հետ։ Սուքիասյանն այս տարի պատժի մեղմացման արդյունքում ազատ է արձակվել։

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբան Հովիկ Արսենյանը երեկ «Ազատությանը» հայտնել է, որ իր վստահորդը չի ընդունում մեղադրանքը:

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման կարևորության վերաբերյալ իր դիրքորոշումը Գարեգին երկրորդ կաթողիկոսը հրապարակել էր շաբաթասկզբին: «Ազատության» խնդրանքով արձագանքելով այդ դիրքորոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի խոսնակը հայտարարել էր, մասնավորապես, որ «ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ»: «Միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Այթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը», - ասել էր Մանե Գևորգյանը:

«Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը, չի վերադարձել Հայաստան», - հիշեցրել էր վարչապետի խոսնակը:

XS
SM
MD
LG