Մատչելիության հղումներ

Հոսպիտալում մահացած Ռադիկ Թաթոսյանի գործով դեպքից երկու տարի անց ո'չ կասկածյալ կա, ո'չ  մեղադրյալ


44-օրյա պատերազմնի արհավիրքով անցած ու խաղաղության մեջ առեղծվածային հանգամանքներում մահացած 18-ամյա Ռադիկ Թաթոսյանի գործով դեպքից երկու տարի անց ո'չ կասկածյալ կա, ո'չ մեղադրյալ։

«Էրեխեն իրա ոտով մտնի սանչաստ ու մի քանի ժամում մահանա», - տարակուսում է Ռադիկի մայրը։

Շարքայինը 2021-ի հունվարի 12-ն է մահացել, պատերազմի ավարտից երկու ամիս անց։ Փաստաթղթերում մի քանի պատճառ էր նշված՝ երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, քովիդի հարցական ախտորոշում։

Ծնողների կարծիքով սակայն, հրամանատարության անփութութունն է եղել մահվան պատճառը։ Նրանք հույս ունեին, որ դիակի լրացուցիչ փորձաքննությունը հստակություն կմտցնի, սակայն տարեվերջին քննիչի զանգը հույզերը նորից փոթորկեց։

Մայրը՝ Կարինեն էր խոսել քննիչի հետ։ Հայրը՝ Էդգարը զրույցից եզրակացրել էր, որ գործը փորձում են փակել. - « Դատաբժիշկը ինչ-որ թուղթ էր ներկայացրել, որ գործը պիտի կարճեն՝ ինֆարկտ ա ստացել էդ էրեխեն...»

Հադրութում շրջափակումից հրաշքով փրկված, Կարմիր Շուկայի մարտերին մասնակցած ու հիվանդանոցում կյանքին հրաժեշտ տված Ռադիկ Թաթոսյանի մահվան առիթով դեռ 2021 քրեական գործ էր հարուցվել՝ անփութության և բժշական սպասարկման մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածներով։

Ռադիկի հայրը տարակուսում է՝ ինչպե՞ս ստացվեց, որ երկու տարվա քննությունն այդպես էլ որևէ պատասխանատու և մեղավոր չգտավ. - «Ոչ մեկ ոչ պատժվեց։ Ոչ մեղավոր կա, ոչ մի բան... Կուզեն, որ ինչ-որ ձևի ծածկեն էթա էս գործը»։

Քննչական կոմիտեից հակադարձում են, թե բազմակողմանի և օբյեկտիվ քննություն են իրականացրել։ Խոսնակ Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ, ըստ դիակի բժշկական փորձաքննության եզրակացության, մահը վրա է հասել սուր սիրտ-թոքային անբավարարությունից, բուժօգնության ընթացքում էլ բացթողումներ չեն եղել. - «Փորձաքննութան եզրակացության համաձայն, ինչպես զորամասի բուժկետում, այնպես էլ երկու զինհոսպիտալներում, որտեղ տեղափոխվել է զինծառայողը, բուժօգնության ցուցաբերման ընթացքում մասնագիտական, կազմակերպչական բնույթի թերություններ, բացթողումներ, որոնք նրա մահվան հետ պատճառական կապի մեջ կարող էին լինել, չեն դիտարկվել»։

Հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ՔԿ-ն պարզաբանում է՝ միոկարդիտի դեպքում երիտասարդների մոտ մահվան հավանականությունը հասնում է 20 տոկոսի՝ հանկարծամահության տեսքով, հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշան չի ունենում և հայտնաբերվում է դիահերձման ժամանակ։ Զոհված զինծառայողի հայրը հակադարձում է՝ տղան ունեցել է գանգատներ, և մեկ օրվա մեջ երեք անգամ դիմել է բժշկին։

Տղայի մայրը ուղիղ մեկ տարի առաջ էր «Ազատությանը» ցույց տվել այլ փաստաթղթեր, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, թե ինչպես է շարքային Թաթոսյանը մի քանի անգամ դիմել բուժկետ, վերջին անգամ բողոքել է դժվարաշնչությունից, արյուն է հետ տվել. - «Ասի մենա՞կ ես, ասեց հա։ Էդ ժամանակ ինքը խեղդվում էր կամ հետ էր տալիս, ես էդ հասկացա։ Ինձ ասաց մամ, չեմ կարա խոսամ, հետո կզանգեմ»։

Սա մոր ու որդու վերջին զանգն էր։ Այսօր արդեն հայրը, վերհիշելով այդ մղձավանջային օրերը, հաստատակամ է՝ որդու մահվան հանգամանքերը պազրելու համար գնալու են մինչև վերջ։ Նոր բողոք են գրել, դիմել են նաև վարչապետին։ Պատասխան չկա. - «Թազա բողոք ենք ներկայացրել, պըտի թազա քննեն գործը»։

Անցած տարվա 11 ամսիներին 43 զինծառայող է մահացել խաղաղ պայմաններում, ոչ հակառակորդի կրակից։ Զինվորների ու բանակի խնդիրներով զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է վարում այս վիճակագրությունը, ըստ որի Զինված ուժերում մահերի 25-30 տոկոսն առողջական խնդիրների հետևանք է։

Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերին պարբերաբար անդրադառնում է նաև օմբուդսմենը։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը բազմիցս նշել է, որ 2018-ի հեղափոխությունից հետո էլ այս ոլորտում իրավիճակը չի փոխվել։ Որոշ դեպքերում պատասխանատու գերատեսչությունները շարունակում են արհեստականորեն ձգձգել քննությունը, կոծկել մեղավորներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG