Մատչելիության հղումներ

Գյումրիի հաջորդ տարվա բյուջեն կրճատվել է. քաղաքում սա մեծ հարված են համարում


Գյումրիի հաջորդ տարվա բյուջեն կրճատվել է՝ հասնելով մոտ 4.5 միլիարդ դրամի՝ նախորդ տարվա համեմատ պակասելով շուրջ 400 միլիոն դրամով։ Պատճառը և տեղական հարկերի թերի հավաքագրումն է, և կառավարության դոտացիայի նվազումը։

Արդեն 2-րդ տարին է՝ կառավարությունը կրճատում է Գյումրիին հատկացվող դոտացիան։ Այն համայնքներին տրամադրվում է համահարթեցման սկզբունքով և հատուկ բանաձևով է հաշվարկվում։ Տրամադրվող գումարի չափի վրա ազդում է եկամուտների հավաքագրումից մինչև բնակչության թիվը։

Գյումրիի քաղաքապետի ֆինասական գծով խորհրդական Լենա Ջիլավյանն ասում է՝ տարեսկզբին էլ դոտացիայի գումարից կառավարությունը շուրջ 40 միլիոն դրամ կրճատեց, իսկ 2023-ի կրճատումն աննախադեպ է՝ 208 միլիոն դրամ։ Դա, ասում է, խնդիրների առաջ կկանգնեցնի քաղաքը։

«Մեզ համար, կարելի է ասել, մեծ հարված է դա, որովհետև Գյումրու նման քաղաքին, որ անհրաժեշտ ծախսեր շատ ունի անելու, և մեզ վրա վերցնում ենք բավականին մեծ պարտականություններ ու պարտավորություններ, այսքան գումարով պակասեցնելը շատ կվնասի մեր աշխատանքին», - ասաց նա:

Քաղաքապետարանը ստիպված է լինելու կրճատել ծախսերը։ Քաղաքի սպասարկման համար ավելի քիչ տեխնիկա ձեռք կբերի, նաև ասֆալտապատում քիչ կանի. «Միշտ մենք ասֆալտապատում, գալիս տարվա համար նախատեսել ենք ընդամենը 160 միլիոն, որովհետև ուզենք-չուզենք, մենք պետք է տեղավորվենք մեր ունեցած գումարի մեջ»:

Իսկ ի՞նչ էին ծրագրում անել այդ կրճատված 208 միլիոն դրամով. Ջիլավյանն ասում է՝ երաժշտական դպրոցներն ու թանգարանները կարող էին նորոգել. «Մենք կարող էին մեր ամբողջ մշակույթի ցանցը հիմնովին ոտքի հանել այդքան գումարով»:

Խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ Գյումրիի քաղաքապետի նախկին տեղակալ, այժմ արդեն իշխանական պատգամավոր Դավիթ Առուշանյանը դոտացիայի կրճատման հարցն ուղղեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին:

«Եղել է մի փուլ, որ իրենց մոտ աճել է, հիմա ուրիշների հերթն է աճելու, ինքը համակարգ է, որ սուբյեկտիվ որևէ գործոն չկա, հաշվարկն այդպիսին է», - ասել էր նախարարը:

Գյումրու ավագանու ընդդիմադիր «Զարթոնք» դաշինքի անդամ Գոռ Մանուկյանը կարծում է, որ ժամանակն է փոխելու դոտացիայի տրամադրման բանաձևը. «Մեխանիկական աշխատակազմ պետք է մտցվի մեջը, որ նայվի, առաջնահերթություն տրվի՝ առաջին քաղաք, երկրորդ քաղաք, քաղաքային բնակավայրերի ծախսերն ավելի մեծ են»:

Գյումրիի քաղաքապետարանն ու իր ենթակայության տակ գործող կառույցները, Լենա Ջիլավյանի պնդմամբ, ամենացածր աշխատավարձն են ստանում։ Արդյո՞ք չեն կարող բարձրացնել, նա պատասխանեց. «Կարող ենք վերցնել ու բարձրացնել, որովհետև դրա իրավունքն ունենք, բայց չենք կարող, որովհետև փող չունենք»:

Գյումրիի քաղաքապետարանը նաև դժվարությունների է բախվում հարկերի հավաքագրման հարցում՝ անկանխիկ գործարքների անցնելու պատճառով. «Քանի որ կանխիկի հնարավորություն չկա, մենք ծրարով ուղարկում ենք քաղաքացիներին, քաղաքացիները չեն մուծում, ինչո՞ւ. ծրար չեն ստացել, և դուրս է գալիս այնպես, որ այդ կողմից էլ համայնքի բյուջեն տուժեց»:

Նույն այդ անկանխիկ համակարգի ներդրումը խանգարում է, որ սոցիալապես անապահով ընտանիքներին համայնքապետարանը գումարով աջակցի, հավելում է քաղաքապետի խորհրդականը։ Ավագանու ամեն նիստում դրամական օգնություն ստացող քաղաքացիների ցուցակն է հաստատվում, բայց այն ստանալու համար անապահով ընտանիքները, որ անկանխիկ գործարքների հնարավորություն չունեն, քաշքշուկի մեջ են հայտնվում։

«Մեր խեղճ ու կրակ անապով քաղաքացու վազքը. դիմի արդեն բանկ, հիմա հաշիվ պետք է հանի, քարտ պիտի հանի, և բանկն էլ իր միջնորդավճարը պետք է պահի», - նշեց նա:

Մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանի բյուջեն 105 միլիարդ դրամ է, բնակչությամբ գրեթե տասն անգամ փոքր Գյումրիինը, ըստ համամասնության, պետք է գոնե տասը միլիարդ լիներ, այնինչ 4.5 է։ Երևանում երեխաները մանկապարտեզ անվճար են հաճախում, իսկ մյուս համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում վճարովի է։ Այս տարի բեռը կիսով չափ համայնքն է ստանձնել՝ 8 հազարից վարձավճարը 4 հազար դրամ սահմանելով, ու թե կրճատված բյուջեով ինչպես են դրա տակից դուրս գալու, չգիտեն։ Այնինչ, կառավարությունը հայտարարում է մարզերի համաչափ զարգացման մասին, սակայն, երբ մեծությամբ երկրորդ քաղաքի բյուջեն մեծացնելու փոխարեն կրճատում են, դա ամենևին էլ չի խոսում համաչափ զարգացման քաղաքականության մասին, դժգոհում է քաղաքապետարանի ֆինանսական հարցերով խորհրդականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG