Մատչելիության հղումներ

Մենք պարտավոր ենք Ազնավուրին լավ ներկայացնել մեր ընթերցողին. Սամվել Գասպարյան


Թարգմանիչ, հրատարակիչ Սամվել Գասպարյան

Հայաստանում կան երկու հարյուրից ավելի հրատարակչություններ, որոնցից մի քանիսն են միայն գործում որոշակի մասնագիտակցված ուղղությամբ։ «Արեգ» հրատարակչությունը երկար տարիներ տպագրում է Հայաստանի պատմությունն ու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը հայերեն և այլ լեզուներով ներկայացնող պատկերազարդ, գեղեցիկ և շատ հետաքրքիր գրքեր, որոնք կարող են գործածվել տարբեր տարիքի ընթերցողների կողմից և կարևոր են հատկապես արտասահմանցի ընթերցողների համար։

Հրատարակչության հիմնադիր տնօրեն, թարգմանիչ Սամվել Գասպարյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում առանձնացնելով դրանցից մի քանիսը, ընդգծեց. - ««Հայաստանի հրաշալիքները», «Հայաստանը ծանոթ և անծանոթ» տարբեր լեզուներով։ Օրինակ «Հայաստանի հրաշալիքները» վերջերս հրատարակեցինք գերմաներեն նաև, դարձավ վեց լեզուներով»։

Գասպարյանի խոսքով, համավարակից հետո աստիճանաբար հրատարակչությունները աշխուժացնում են իրենց գործունեությունը, որի շնորհիվ արդեն 2022 թվականին որոշակիորեն ավելացան թե' տպագրվող գրքերը, թե' դրանց տպաքանակները։

Բայց այս վերջին երկու տարիները իր համար առանձնացան հատկապես «Նյումեգ» հրատարակչության հետ համագործակցությամբ որպես թարգմանիչ։ Համավարակի պարտադրած հրատարակչական գործունեության հարաբերական դադարին եկավ փոխարինելու թարգմանչական աշխույժ ստեղծագորական աշխատանքը։

«Հրատարակիչը մի քիչ իր տեղը զիջեց թարգմանչին։ «Նյումեգ» հրատարակչությունը միանգամից «ներխուժեց» հրատարակչական գործ, շատ լավ գրքեր է հրատարակում, մեծ գործ են անում իրենք։ Զբաղված են հիմնականում թարգմանական գրականությամբ, ճիշտ ընտրություն են կատարում, ես կասեի՝ ճաշակ են ձևավորում ընթերցողի մոտ։ Հուրախություն ինձ, ինձ առաջարկեցին Շարլ Ազնավուր թարգմանել։ Ժամանակին արել էի, մի քանի գիրք հրատարակել եմ, նույնիսկ «Արեգ» հրատարակչությամբ էլ եմ հրատարակել... Ես ուրախությամբ համաձայնեցի։ Թարգմանեցինք վերջին երկու տարում երկու ինձնակենսագրական Ազնավուրի գրած, նովելների ժողովածու ունի Ազնավուրը, էդ նովելների ժողովածուն և Ազնավուրը մի գիրք ունի, ինքն է ընտրել իր երգերից 550-ը և տպագրել է գիրք։ Այդ գիրքը «Նյումեգ»-ը ուզում է հրատարակել։ Հրատարակել ենք արդեն առաջին երկու հատորը, պետք է քառահատոր լինի։ Հիմա աշխատում ենք երրորդի վրա։ Բավականին ծավալուն հատորներ են։ Ես Շարլին ընկալում եմ նաև որպես մեծ բանաստեղծ և երգերը թարգմանում եմ որպես բանաստեղծություն։ Անկախության տարիներին ես հինգ գիրք եմ հրատարակել Ազնավուրից «Արեգ» հրատարակչությունում։ Բայց դրանք փոքրածավալ գրքեր էին։ Իսկ «Նյումեգ»-ի արածը մնայուն գործ է։ Մենք պարտավոր ենք Ազնավուրին լավ ներկայացնել մեր ընթերցողին, և հիմա, փառք Աստծո, «Նյումեգ»-ը զբաղվում է էդ գործով»։

Ինչ վերաբերում է հրատարակչական ոլորտին, ապա հարցիս, թե ինչ հիմնախնդիրներ կառանձնացնի որպես երկարամյա հրատարակիչ, Սամվել Գասպարյանը պատասխանեց, որ այդ ոլորտում ամենակարևորը ոչ թե հրատարակչությունների քանակն է, այլ մասնագիտացվածությունը. - «Գեղարվեստական գրականության հրատարակիչը... էնքան բան կա անելու գեղարվեստական գրականության մեջ, որ ինքը չպիտի ժամանակ ունենա զբաղվել արվեստով, կամ դասագրքով, կամ չգիտեմ ինչով։ Դրսում էլ էդպես է հիմա։ Օրինակ դասագիրք բոլորը չեն անում, որովհետև դասագիրք անելը կատակ բան չի։ Էդ մեր մոտ ա, որ ով ասես անում ա դասագիրք։ Փող կա մեջը, երաշխավորված վաճառք է, վազում են բոլորը դասագրքերին։ Բայց որա՞կը... Չի կարելի։ Դա ինչի՞ց է։ Որովհետև չկա մասնագիտացումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG