Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում՝ զրկելու Իրանին դրոններ արտադրելու կարողությունից. NYT


Իրան - Անօդաչու թռչող սարքեր զորավարժությունների ժամանակ, հոկտեմբեր, 2022թ.
Իրան - Անօդաչու թռչող սարքեր զորավարժությունների ժամանակ, հոկտեմբեր, 2022թ.

Միացյալ Նահանգները լուրջ ջանքեր է գործադրում Իրանին անօդաչու թռչող սարքեր արտադրելու և դրանք Ռուսաստան արտահանելու կարողությունից զրկելու համար։ Այս մասին գրում է The New York Times (NYT) պարբերականը՝ ամերիկյան իշխանությունների և մի շարք օտար պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին վկայակոչելով։

Թերթի հետ զրույցում Միացյալ Նահանգների, Եվրոպայի և մերձավորարևելյան որոշ երկրների հետախուզական, ռազմական և քաղաքական շրջանակները ներկայացնող մի շարք պաշտոնյաներ հաստատել են, որ Վաշինգտոնն ընդլայնում է այն ծրագիրը, որի նպատակն է զրկել Իրանին դրոններ արտադրելու հնարավորությունից, ինչը, իր հերթին, կդժվարացնի Ռուսաստանի կողմից դրանց կիրառումն Ուկրաինայում ընթացող պատերազմում։

«Եթե այս ծրագիրն անհաջողության մատնվի, ապա ամերիկացիները կդիտարկեն Ուկրաինային ՀՕՊ այնպիսի համակարգերի տրամադրումը, որոնք իրանական անօդաչու սարքերը խոցելու հնարավորություն կունենան», - գրում է The New York Times-ը՝ արձանագրելով, որ Բայդենի վարչակազմի այս մտադրություններն ակնհայտորեն ուրվագծվել են վերջին շաբաթներին։

Դա, ըստ թերթի, պարզ է դարձել, երբ խոցված իրանական դրոնների բեկորների ուսումնասիրությունը վկայել է, որ դրանցում նաև ամերիկյան ծագման տեխնոլոգիաներ են առկա։

The New York Times-ի գնահատմամբ, սակայն, Վաշինգտոնի և դաշնակիցների ջանքերը գոնե այս պահին բավական լուրջ խոչընդոտների են բախվում։

«Բանն այն է, որ Իրանին անօդաչուների արտադրության համար անհրաժեշտ կարևորագույն արևմտյան դետալներից զրկելու գործը նույնքան դժվար է, որքան իրանական միջուկային ծրագրում օգտագործվող ցենտրիֆուգների ստեղծման համար նախատեսված տեխնոլոգիաների ձեռքբերումը կանխելու՝ տարիներ ի վեր շարունակվող ջանքերը», - գրում է ամերիկյան պարբերականը՝ արձանագրելով, որ երկու դեպքում էլ Թեհրանը կարողանում է հաջողությամբ շրջանցել իր դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները։

«Վերջին շաբաթներին ամերիկյան հետախուզության մի շարք ներկայացուցիչներ հայտարարեցին, որ իրանցիները սև շուկայում փնտրում և գտնում են երկակի կիրառման տեխնոլոգիաներ՝ հաջողությամբ շրջանցելով պատժամիջոցները», - գրում է The New York Times-ը։

Թերթի պնդմամբ՝ երբեմն այդ աշխատանքներում ներգրավված էին այնպիսի իրանական ընկերություններ, որոնք արդեն իսկ միջազգային պատժամիջոցների թիրախում են։ Որպես օրինակ ամերիկյան պարբերականը մատնանշում է Qods Aviation ընկերությունը, որը Ռուսաստան արտահանվող իրանական երկու տեսակի դրոններից մեկի արտադրողն է։

«Իրանցի զինվորականների սեփականությունը հանդիսացող Qods Aviation-ը տարիներ շարունակ ընդգրկվում է Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների արտադրության ոլորտներին [տեխնոլոգիաներ] մատակարարող ընկերությունների՝ ՄԱԿ-ի հրապարակած ցանկում։ Չնայած իր դեմ կիրառվող պատժամիջոցներին, այդուհանդերձ, այդ ընկերությունը վերջին տարիներին կարողացել է մեծացնել արտադրվող անօդաչու թռչող սարքերի տեսականին», - նշում են The New York Times-ի լրագրողները։ Պարբերականի գնահատմամբ՝ թե որքանով են արդյունավետ Իրանի դրոնային ծրագրի սահմանափակմանն ուղղված ամերիկյան ջանքերը, պարզ կդառնա առաջիկայում։

«Մենք ուղիներ ենք որոնում, որոնք թույլ կտան թիրախավորել իրանական անօդաչուների արտադրությունը։ Այդ ուղիներն են պատժամիջոցները, արտահանման վերահսկումը և բանակցություններն այն մասնավոր ընկերությունների հետ, որոնց արտադրած դետալներն օգտագործվել են իրանական դրոններում», - The New York Times-ի հետ զրույցում նշել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էդրիեն Ուոթսոնը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG