Մատչելիության հղումներ

Կոսովոյի սերբերն առաջիկա մեկ-երկու օրում կապամոնտաժեն բարիկադները


Կոսովո, բարիկադներ:
Կոսովո, բարիկադներ:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր ասել է, որ Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերն առաջիկա մեկ-երկու օրում կապամոնտաժեն ի նշան բողոքի տեղադրած բարիկադները:

Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել Կոսովոյի հյուսիսում գտնվող Ռասկա սերբական ավանի բնակիչների հետ հանդիպելուց հետո:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը բոլոր կողմերին կոչ են արել անհապաղ միջոցներով մեղմել լարվածությունը տարածաշրջանում, զերծ մնալ սադրանքներից և հրաժարվել սպառնալիքներ հնչեցնելուց:

«Դա հեշտ խնդիր չէ, երկու ժամում չես անի, 24-ից 48 ժամում բարիկադները կվերացվեն»,- ասել է Սերբիայի նախագահը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը հավաստիացրել են, որ բարիկադներ տեղադրողները որևէ պարագայում պատժի չեն ենթարկվի:

Բարիկադների հեռացումը պետք է նպաստի Բելգրադի և Պրիշտինայի ծայրաստիճան սրված հարաբերությունների կարգավորմանը:

Կոսովսկա-Միրովիցա ավանում, որտեղ բնակվում են և՛ ալբանացիներ, և՛ սերբեր, նախօրեին հրկիզվել են բարիկադների համար օգտագործված երկու բեռնատարներ:

Ենթադրվում է, որ մեքենաները հրկիզել են տեղացի սերբերն, ովքեր համաձայն չեն խնդրի կարգավորման Վուչիչի ծրագրի հետ:

Կոսովոյի սերբերը պնդում են, որ հալածանքների են ենթարկվում այդ մասամբ ճանաչված երկրի ալբանական իշխանության կողմից:

Լարվածության հերթական փուլը սկսվել է հոկտեմբերին, երբ հարյուրավոր սերբ ոստիկաններ ու փաստաբաններ հրաժարական են ներկայացրել այն բանից հետո, երբ Կոսովոյում արգելել են ավտոմեքենաների վրա փակցնել Սերբիայում արտադրված պետհամարանիշները:

Սերբերը բարիկադներ են տեղադրել այն բանից հետո, երբ Կոսովոյում դեկտեմբերի 10-ին ձերբակալել են ծագումով սերբ նախկին ոստիկան Դեյան Պանտիչին, ով մեղադրվում է տեղացի պաշտոնյաների վրա կատարված հարձակումների հետ առնչություն ունենալու համար:

Վիճակը մեղմելու համար Կոսովոյի իշխանությունները Պանտիչի համար խափանման միջոց են ընտրել տնային կալանքը:

Կոսովոյի մոտ 2 միլիոն բնակիչներից 120 հազարը սերբեր են: Բելգրադը չի ճանաչում 2008-ին Կոսովոյի հռչակած անկախությունը: Նույն դիրքորոշումն ունեն նաև Մոսկվան և մի շարք այլ մայրաքաղաքներ, սակայն Միացյալ Նահանգները և Եվրամիության տասնյակ պետություններ ճանաչել են Կոսովոյի անկախությունը:

XS
SM
MD
LG